Tert.am լրատվականը սեպտեմբերի 13-ին ռեպորտաժ է հրապարակել՝ «Գնդեվազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն» վերնագրով։ Ռեպորտաժում նշվում է, որ օրերս գնդեվազցի տղամարդկանց ծանուցում է եկել, որ զորահավաք է, հաշվառում են իրականացնում և պետք է 10 օր ծառայության մեկնեն։
Ընտրված վերնագրից տպավորություն է, որ Գնդեվազ գյուղի բոլոր տղամարդկանց է ծանուցում եկել, այնինչ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ դա այդպես չէ։
Ռեպորտաժի 3։14 րոպեից սկսած` լրագրողը սկսում է պատմել, որ տղամարդկանց ծանուցում է եկել սպասվող զորահավաքի մասին։
«Էս պահին պետք չէր այդպես անել։ Մենք որոշել ենք իջնել Եղեգնաձոր վայենկոմատ, որ հարցնենք, թե ի՞նչն է պատճառը, որ մեր ամբողջ պոստի տղերքին միանգամից ուզում են տանեն, կարելի էր չէ՞ մի տաս հոգու թողնել (3:50-4:05)»,- լրագրողի հետ զրույցում նշում է գնդեվազցի մի տղամարդ։
Հետաքրքիր է, որ լրագրողը չի փորձել ճշտել, թե ի՞նչ զորահավաքի մասին է խոսքը, և որ ամենակարևորն է՝ արդյո՞ք միայն գնդեվազցիներին է եկել նման ծանուցում։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Fip.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ամբողջ Հայաստանի տարածքում հազարավոր քաղաքացիների ուղարկվել է համապատասխան ծանուցում։ Նա նշեց նաև, որ մի քանի անգամ հայտարարվել է սպասվող զորահավաքի մասին և այս ամենը բնավ նորություն չէ։
Իսկապես, դեռևս սեպտեմբերի 9-ին Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հաղորդագրություն՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվող ռազմավարական զորավարժության մասի, որը իրականցվելու է ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն։ Այս զորավարժությանն ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Ինչպես նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ, զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը։
Fip.am-ը կապ հաստատեց նաև Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարիատի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել քաղաքացիները. Եղեգնաձորի զինկոմի ղեկավար Արմեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ամուլսարի դիրքերից» 4 քաղաքացու է ուղարկվել ծանուցում, և նրանք ընդհանուր ուղարկվածների 0.01%-ն են կազմում։ Նա հավաստիացրեց, որ որևէ միտում չի եղել։ Ընտրությունը արվել է՝ կախված այն հանգամանքից, թե ծառայության ընթացքում ով ինչ մասնագիտություն է ունեցել, ով ինչ մասնագիտական հմտություններով է զորացրվել։
«Ընդհանուր Վայոց ձորից շատ մարդ է կանչվել։ Կոնկրետ չկա՝ Գնդեվազից, թե Ջերմուկից կանչենք, միտում չկա, իսկ իրենց թիմից ընդամենը 4 հոգու է ուղարկվել ծանուցում՝ 10 օրյա ծառայություն անցնելու համար։ Բայց ինչ վերաբերվում է նրան, որ միայն իրենց են կանչել, ես կրկնում եմ, իրենք կազմում են կցագրվածների 0.01 %-ը»,- ասաց Հովսեփյանը։ Նա հավելեց, որ այսօր նախատեսվում է հանդիպում ծանուցում ստացած գնդեվազցիների հետ՝ զրուցելու և իրավիճակը բացատրելու համար։