ԱՄՆ հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցի համաձայն, Ռուսաստանը փորձել է ոչ հավաստի տեղեկություններ տարածել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ`միջազգային հանրությանը համոզելով, թե Բաշար Ասադը կապ չունի քիմիական զենքի կիրառման հետ:
Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցի, մասնավորապես, Ռուսաստանը նախ ընդհանրապես հերքել է քիմիական հարձակման փաստը` կեղծ համարելով բոլոր ապացույցները, ապա հայտարարել է, թե ավիահարվածը հասցվել է ապստամբ ուժերի պահեստներին, որոնցում էլ եղել է քիմիական զենքը:
Այս տեղեկություններում, ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների՝ կան անճշտություններ: Մասնավորապես, ռուսական կողմի պնդմամբ ռմբակոծությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին ժամը 11:30-12:30-ի սահմաններում, այնինչ առաջին տեղեկություններն այդ մասին ստացվել են նույն օրն առավոտյան 7։00-ի սահմաններում:
Բացի այդ, ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցի՝ կան արբանյակից արված լուսանկարներ, որոնք փաստում են, որ ավիահարվածները հասցվել են ոչ թե կառույցների (պահեստների), այլ ճանապարհին: Ամերիկյան կողմի համոզմամբ, Բաշար Ասադի ուժերը այդ հարվածներով նպատակ են հետապնդել կանգնեցնել ապստամբների առաջխաղացումը Համա գավառում:
Այդպիսով, ըստ վերը նշված զեկույցի, Ռուսաստանը գործի է դրել իր քարոզչամեքենան, որպեսզի մոլորության մեջ գցի միջազգային հանրությանը և հանի Բաշար Ասադի վրայից գրոհի կազմակերպման մեղադրանքները: