Россия 24 հեռուստաալիքը ПроеКТОриЯ կոչվող համառուսաստանյան դպրոցական ֆորումի մասին ռեպորտաժում, ցուցադրելով ռոբոտի կոստյում հագած մարդու, այն ներկայացրել է որպես «ամենաժամանակակից ռոբոտներից մեկը»։
«Բորիս» անունով ռոբոտի մասին ռեպորտաժի հեղինակը հույս է հայտնում, որ այժմ գուցե «երեխաներից ոմանք կնվիրվեն ռոբոտաշինությանը» և հայտարարում, որ ռոբոտներն արդեն «բավականին հաջող սովորել» են պարել։
Այնինչ, ֆորումի կազմակերպիչներն իրականում չէին էլ փորձում ռոբոտի կոստյում հագած անիմատորին ներկայացնել որպես իրական ռոբոտ։ Վերջիններիս ВК էջում տեղադրված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ սա պարզապես փորձ էր հումորով ներկայացնել արհեստական ինտելեկտի ու ռոբոտների միջև խոսակցությունը։
«Ռոբոտների շոու» կայքում ֆորումում ցուցադրված կոստյումը կարելի է գնել 250 հազար ռուբլով (մոտ $3,770)։ Կայքում ասվում է, որ կոստյումի դիզայնն ու տեխնիկական կառուցվածքը ստեղծում են տպավորություն, թե դա կրողն իսկական ռոբոտ է:
ПроеКТОриЯ ֆորումը անցկացվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Բացմանը մասնակցել են ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան և Յարոսլավլի մարզի ղեկավար Դմիտրի Միրոնովը, իսկ 2017թ․-ին ֆորումին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։