Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Երկիր մոլորակի գլխավոր «թոքերում»՝ Ամազոնի տրոպիկական անտառներում բռնկված հրդեհն է։ Եվ քանի դեռ բնապահպանները ահազանգում են, որ հրդեհը մարդկանց ձեռքի գործն է, համացանցի օգտատերերի մի մասը փորձում է մոլորակի թթվածնի 20%-ն ապահովող անտառի հրդեհն առավել ազդեցիկ ներկայացնել։
Այսպես, համացանցում են հայտնվել այրվող անտառներում մնացած վայրի կենդանիների՝ բարձր որակով լուսանկարներ, որոնք իբր արվել են Ամազոնում։ Միջազգային հարթակում հեռուստատեսության աստղերն ու քաղաքական գործիչները տարատեսակ գրառումներ են կատարում ահռելի մեծ ծավալների հասած հրդեհի վերաբերյալ՝ դրանց կցելով լուսանկարներ, որոնց իրական լինել-չլինելը կասկածի տեղիք է տալիս։
Հայաստանում նման լուսանկարները տարածվեցին հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Առավել լայն տարածում գտավ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի հրապարակումը: Միայն նրա էջից լուսանկարները տարածվել են ավելի քան 250 անգամ։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ իրակա՞ն են և արդյո՞ք հենց Ամազոնի անտառներից են այդ լուսանկարները։
Google որոնողական համակարգն օգնում է հեշտությամբ պարզել տարածված լուսանկարներից երկուսի իսկությունը։ Կենդանիները, որոնք պատկերված են լուսանկարում, իրականում այստեղ հայտնվել են լուսանկարի խմբագրման օգնությամբ։ Իրական պատկերը սա է․
Պատկերներից մյուսի հիմքում համացանցում դեռ 2017 թվականին հայտնված հետևյալ լուսանկարն է։ Կենդանիներին կրկին այստեղ «բերել է» Photoshop խմբագրումը։ Լուսանկարի վրա արհեստական միջամտությունները կարելի է տեսնել նաև fotoforensis-ի միջոցով։
Որոնողական համակարգերը որոշակի դժվարություններ ունեցան մյուս երկու լուսանկարների օրիգինալ տարբերակները փնտրելիս։ Սակայն տարածված լուսանկարների որոշ տարբերակներում գրված է հեղինակի անունը՝ Julian Majin, որի ինսթագրամյան էջում էլ առաջինը տարածվել են լուսանկարները՝ Ամազոնի մասին գրառմամբ։ Հեղինակը, սակայն, մեկնաբանություններից մեկի՝ իրակա՞ն են արդյոք հարցին պատասխանել է, որ «լուսանկարները մշակված (խմբ. խմբագրված) են»։ Հատկանշական է նաև, որ ըստ Google-ի միջոցով որոնման արդյունքների՝ լուսանկարները տարածվել են մեծամասամբ միայն վրացական դոմեյններում գրանցված կայքերում։ Երկու լուսանկարների դեպքում էլ իրական տարբերակը հրապարակվել է հրդեհից շատ ավելի վաղ։ Սակայն այս դեպքը միակ թյուրիմացությունը չէ։
Էմանուել Մակրոնի և Լեոնարդո դի Կապրիոյի տարածած լուսանկարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթերի իր էջում գրառում է կատարել հրդեհի վերաբերյալ՝ «Մեր տունն այրվում է․․․»։ Լուսանկարն ունի մոտ 42 հազար տարածում Թվիթերում։
Նույն լուսանկարը Ինսթագրամի իր էջում տարածել է նաև դերասան Լեոնարդո դի Կապրիոն։ Նրա էջում լուսանկարն ունի 3 միլիոնից ավելի հավանում ու մոտ 80 հազար մեկնաբանություն։
Լուսանկարը, սակայն, Ամազոնի տրոպիկական անտառների՝ այս օրերի խոշոր հրդեհի պատկերը չէ։ Հետաքրքիր է, որ թեմային անդրադարձել է նաև CNN-ը՝ նշելով, որ լուսանկարը հրապարակվել է 2018 թվականին։ Իրականում նույն լուսանկարը կարող ենք գտնել ավելի վաղ՝ 2012 թ․ հրապարակումներում։
Սրանք, թերևս, ամենատարածված խմբագրված լուսանկարներն են, սակայն պետք է նշել, որ համացանցում նմանատիպ կեղծ լուսանկարների պակաս վերջին օրերին չկա։
Անի Ավետիսյան