Համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում վերջին օրերին տարածվում են տեղեկություններ այն մասին, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիա չկա։ Ֆեյսբուքի հայ օգտատերերը այս լուրերը տարածում են մեծամասամբ ռուսալեզու աղբյուրներից՝ Magnis.news, коронавирус.ru-an.info, vmire.pro և այլն։ Բացի այդ, թեմայի վերաբերյալ տարածվում են նաև տեսանյութեր։
ԱՀԿ-ն, սակայն, նման հայտարարություն չի արել։ Հրապարակումներում նշվում է, որ հայտարարությունն արել է ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն հունիսի 8-ի ճեպազրույցի ժամանակ։ Այս ճեպազրույցը բավականին բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ Կերխովեն սխալմամբ նշել էր, թե կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիրները գրեթե վարակիչ չեն, սակայն մեկ օր անց պարզաբանել էր, որ նախորդ հայտարարությունը «թյուրըմբռնում» էր: Fip.am-ն արդեն անդրադարձել է այս թեմային։
Հրապարակումների հեղինակները, Կերխովեի առաջին հայտարարությունը «վերլուծելով», հանգել են կորոնավիրուսի պանդեմիա չլինելու վերաբերյալ «եզրակացության», քանի որ ԱՀԿ ներկայացուցիչը ճեպազրույցի ընթացքում դրա վերաբերյալ որևէ խոսք չի ասել։
Հրապարակումներում նշվում է նաև, որ, իբր, Մարիա վան Կերխովեն ասիմպտոմների՝ ոչ վարակիչ լինելու մասին հայտարարությունով ոչնչացրել է պատվաստանյութերի և վարակակիրներին հետևելու անհրաժեշտության մասին բոլոր փաստարկները։ Իրականում, սակայն, Կերխովեն հայտարարել էր, որ անհրաժեշտ է շարունակել մեծ ուշադրությամբ հետևել ասիմպտոմ վարակակիրներին՝ պարզելու, թե նրանց կողմից վարակը փոխանցելու հավանականությունը որքան է մեծ։
Ավելին, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդոր Գեբրեիսուսը նույն ճեպազրույցի ժամանակ կոչ էր արել ակտիվորեն իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ` վարակի երկրորդ ալիքը կանխելու համար։
Անի Ավետիսյան