Երկուշաբթի՝ հունիսի 8-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակակիրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ասիմպտոմ վարակակիրները վիրուս չեն փոխանցում շրջապատի մարդկանց։ 24 ժամ չանցած, սակայն, ԱՀԿ-ն փոխեց հայտնած դիրքորոշումը՝ այն անվանելով «թյուրըմբռնում»։
Ի՞նչ էին հայտարարել նախապես
ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավարը, ի պատասխան լրագրողի՝ առանց սիմպտոմների վարակակիրների վերաբերյալ հարցին, նշել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ առանց սիմպտոմների մարդկանց կողմից վարակի տարածումը հավանական է, սակայն որոշ դեպքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանք չեն վարակել իրենց շփման շրջանակում գտնված մարդկանց։ Այս եզրակացությանը ԱՀԿ-ն հանգել էր մի քանի երկրներից ստացած զեկույցների հիման վրա։ Ըստ դրանց՝ առանց սիմպտոմների վարակակիրների շփման շրջանակի ուսումնասիրության արդյունքում չեն գտնվել երկրորդական վարակի դեպքեր։ Այսինքն՝ այդ անձինք չեն վարակել շրջապատի մարդկանց։
Եզրահանգելով՝ փորձագետը նշում է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց սիմպտոմների վարակակիրներից վարակվելու հավանականությունը շատ փոքր է։
Ինչպե՞ս փոխվեց կարծիքը
Հայտարարությունից մեկ օր անց՝ հունիսի 9-ին, ԱՀԿ փորձագետները հետ են կանգնել նախորդ հայտարարությունից՝ այն որակելով թյուրըմբռնում։ Ման վան Կերխովեն ԱՀԿ սոցցանցերի էջերով հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, անդրադառնալով հայտարարությանը, նշել է, որ ինքը չէր ներկայացնում ԱՀԿ դիրքորոշումը կամ քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ, այլ նշում էր այն, ինչ հայտնի էր այդ պահի դրությամբ։
Ըստ նրա՝ ԱՀԿ-ն դեռ չունի այն հարցի պատասխանը, թե որքան է ասիմպտոմ վարակակիրների միջոցով վիրուսի փոխանցման հավանականությունը։
Ի՞նչ են ասում գիտնականները
Ասիմպտոմ վարակակիրների վերաբերյալ ուսումնասիրություններ արվել են մի շարք գիտնականների կողմից, և մինչև վերջերս դրանց մեծ մասն այն մասին էր, որ վարակակիրների մի մասը փոխանցում է վարակը՝ առանց որևէ ախտանշաններ ունենալու։ Օրինակ՝ Սինգապուրի և Ավստրալիայի գիտնականների ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ վարակակիրների մի զգալի մաս չունի սիմպտոմ կամ գտնվում է նախասիմպտոմային շրջանում։ Այդ դեպքում ախտանշանները զարգանում են մի քանի օրվա ընթացքում։
Հունիսի 2-ին Չինաստանի Ուհան քաղաքում զանգվածային թեստավորումներից հետո ախտանշաններ չունեցող 300 քաղաքացու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Ըստ մասնագետների, սակայն, նրանց օգտագործած իրերի վրա և շփման շրջանակում վիրուսի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս ուսումնասիրությունը տարածվել էր նաև հայկական մեդիայում՝ ռուսական Риа Новости-ից՝ «Ուհանում փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն» վերնագրով։
Ամերիկյան New York Times-ն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ սա առաջին անգամը չէ, երբ ԱՀԿ-ի և գիտնականների տեսակետները չեն համընկնում։ Օրինակներից մեկը ԱՀԿ դիրքորոշումն է դիմակների վերաբերյալ, որը փոխվեց միայն նախորդ շաբաթ, մինչդեռ մի շարք գիտնականներ հաստատել էին պաշտպանիչ դիմակների կարևորությունը, իսկ շատ երկրներում այն վաղուց պարտադիր էր։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ասիմպտոմ վարակակիրների՝ վիրուսը չփոխանցելու վերաբերյալ մեկնաբանությունները հիմնված էին ոչ լայնամասշտաբ ուսումնասիրությունների վրա։
Անի Ավետիսյան