Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 14-ին հարցազրույց է տվել «Ֆրանս 24» (France 24) հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին և պատասխանել մի շարք հարցերի։ Ալիևը, սակայն, հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ, որոնք կներկայացնենք ստորև։
Սիրիացի վարձկանների մասին ապացույցներ ունեն բոլորը, բացի Ալիևից
France24-ի լրագրողը Ալիևին հարց է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սիրիացի վարձկանների մասին փաստեր ունենալու վերաբերյալ հայտարարության մասին, որոնց կապակցությամբ Ալիևը պահանջել էր, որ Մակրոնը ներողություն խնդրի: «Ես դեռ սպասում եմ ապացույցների: Ինձ ոչ մի ապացույց չի ներկայացվել: Ոչ մի ապացույց չի ներկայացվել մեր մյուս պաշտոնյաներին»,- ի պատասխան, ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Թուրքիայի միջնորդությամբ սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու մասին փաստեր ունենալու մասին հայտարարություն արել էր սեպտեմբերի 30-ին՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Ահաբեկչական կազմակերպություններից վարձկան գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխվելու մասին հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում գտնվելու մասին հրապարակումներ արել են մի շարք հեղինակավոր լրատվականներ: The Economist-ը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ «ապացույցները գնալով ավելանում են, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջանի համար կռվելու», իսկ CNN-ը զրուցել էր սիրիացու հետ, որը գրանցվել էր Ադրբեջան գնալու համար: Ներկայացնում ենք միջազգային լրատվականների՝ այս թեմայի վերաբերյալ հոդվածները։
- CNN. Rebels from Syria recruited to fight in conflict between Azerbaijan and Armenia, source says
- The Washington Post. Deaths of Syrian mercenaries show how Turkey, Russia could get sucked into Nagorno-Karabakh conflict
- The Wall Street Journal. Turkish-Backed Syrian Fighters Join Armenian-Azeri Conflict
- The Economist. The Azerbaijan-Armenia conflict hints at the future of war
- BBC. Armenia-Azerbaijan conflict: Azerbaijan president vows to fight on
Սիրական մամուլում և սոցցանցերի սիրիացի օգտատերերի հրապարակումներում երևում են նաև Ադրբեջանում զոհված վարձկանների լուսանկարներն ու անձնական տվյալները: Վարձկանների՝ Արցախյան հակամարտությունում ներգրավված լինելու փաստերին անդրադարձել է նաև «Փաստերի ստուգման հարթակը»:
Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները
Հարցազրույցում Ալիևը հայտարարեց, որ իրենց թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել. «Մենք երբեք միտումնավոր չենք հարձակվում գրավյալ տարածքների որևէ քաղաքի կամ գյուղերի խաղաղ բնակիչների վրա»:
Սակայն իրականությունն այլ է։ Պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանի զինված ուժերի թիրախում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հրթիռակոծեց և հրետանակոծեց մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքներ։ Առաջին զոհերն էլ խաղաղ բնակիչներ էին: Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվեցին մեկ տարեց կին և նրա 9-ամյա թոռը: Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերվել էին թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 հրթիռներ և կասետային մարտական էլեմենտներ։ Արցախի մայրաքաղաքում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հրետակոծության տակ են հայտնվել դպրոցներ և մանկապարտեզներ: Ռազմական գործողությունների երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի հրետակոծության արդյունքում Արցախում 9-ամյա երեխա էր զոհվել:
Some photos from destroyed schools & kindergartens of #Stepanakert by #Azerbaijan indiscriminate & deliberate strikes.
Edu buildings have been targeted in other settlements of #Artsakh/#Karabakh, too.
Isn’t it #WarCrime?#DontBeBlind #AzerbaijaniAggression #HumanRights pic.twitter.com/PzuKnGY48i— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 14, 2020
Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը թիրախավորելու ապացույցները շատ են: «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն օրերս եղել էին հրթիռակոծությունների ենթարկված Մարտունի քաղաքում և տեսանկարահանել այն: Ի հակառակ Ալիևի մյուս հայտարարության, թե Հայաստանը քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ է տեղադրում ռազմական տեխնիկան, Մարտունի քաղաքում և հատկապես հրթիռակոծությունից վնասված հատվածներում ռազմական օբյեկտներ չեն եղել:
Խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերը օգտագործում են կասետային հրթիռներ, որոնք արգելված են ՄԱԿ-ի՝ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայով (2008), որը հայտնի է նաև որպես Դուբլինյան կոնվենցիա: Հադրութ քաղաքում նման հրթիռների կիրառության մասին «Փաստերի ստուգման հարթակի» հավաքած փաստերին կարող եք ծանոթանալ այստեղ: Նշենք, որ այս տարածքում ևս ռազմական օբյեկտներ չեն եղել, իսկ կասետային հրթիռների հիմնական թիրախը եղել է խաղաղ բնակչությունը:
Կարևոր է նշել, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են ոչ միայն Արցախի խաղաղ բնակչությանը, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության: Հրթիռակոծվել են Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր:
Հոկտեմբերի 14-ի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել են 32, վիրավորվել՝ հարյուրից ավելի քաղաքացիներ:
Արցախի մզկիթների վիճակի մասին
Ալիևը, խոսելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության մասին, անդրադարձել է նաև Արցախում գտնվող մզկիթներին և բողոքել դրանց վիճակից։
«Ինչ է արել Հայաստանը մեր մզկիթների հետ՝ Աղդամում, Ֆիզուլիում, Շուշիում։ Ոչ միայն ավիրել են, այլև կենդանիներ են պահում այնտեղ։ Խոզեր են պահում մզկիթներում՝ այդպիսով վիրավորելով ոչ միայն մեր, այլ բոլոր մահմեդականների զգացմունքները»,— ասել է նա։
Արցախի մշակութային կենտրոն հանդիսացող Շուշիում կա երեք կանգուն մզկիթ՝ Սաաթլի, Վերին և Ներքին։ Առաջինը, որը կառուցվել է 1883-ին, 2005-ին առնվել էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հովանու տակ, և նրա կողմից պատրաստակամություն էր հայտնվել այն վերականգնելու։ Հինգ տարի անց Արցախի զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նշել էր, որ 2008-ից սկսած Արցախը 30 մլն դրամ (83,000 դոլար) է ծախսել Արցախում գտնվող մահմեդական հուշարձանների պահպանության համար։ Միայն Շուշիում վերականգնվել են երկու մզկիթ և մեկ մադրասա (կրոնական կրթարան): Արդեն 2019-ին ամբողջությամբ վերականգնվեց Վերին մզկիթը։
Ինչ վերաբերվում է Աղդամի մզկիթին, ապա այն ավիրված քաղաքի ամենալավ պահպանված շինությունն է։ Այս մասին են փաստում և՛ քաղաքի արբանյակային լուսանկարները, և՛ հենց մզկիթի լուսանկարները։ Աղդամի մզկիթը ևս 2010-ին մաքրվել և մասնակի վերականգնվել էր։
Հրադադարից հետո Ադրբեջանը հարվածել է քաղաքացիական օբյեկտներին
Ալիևը հայտարարեց նաև, որ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական կողմը չի խախտել այն: Ըստ նրա՝ Հայաստանն է սկսել հարվածներ հասցնել իրենց տարածքին, ինչից հետո Ադրբեջանը թիրախավորել է «միայն ռազմական օբյեկտները»: «Բայց սա բնական է, մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»,- նշել է Ալիևը:
Հրադադարը նախատեսվում էր մեկնարկել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից սկսած: Նույն օրը առավոտյան, սակայն, ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գրոհ սկսեց սահմանի երկայնքով՝ միաժամանակ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան ադրբեջանական կողմը հրթիռակոծեց նաև Սյունիքի մարզի բնակավայրերը: Ավելին՝ հրադադարից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ ներթափանցեց Հադրութ քաղաք, գնդակահարեց առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին:
Թուրքիայի ներգրավվածության մասին
Անդրադառնալով պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը՝ Ալիևը հերքել է դա՝ անվանելով «կեղծ լուր»։ «Չկա Թուրքիայի ռազմական ներգրավվածություն։ Մենք օգտագործում են թուրքական ռազմական սարքավորումներ։ Դա ճիշտ է։ Բայց մենք նաև օգտագործում են Ռուսաստանի, Իսրայելի և այլ երկրների ռազմական սարքավորումներ»,- հակադարձել է Ալիևը։
Նա նաև հերքել է, որ թուրքական F-16 կործանիչները ներգրավված են մարտերում, բայց հաստատել է, որ կործանիչները Ադրբեջանում են մնացել Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունից հետո։ «Մենք որոշեցինք պահել F-16-երը գետնի վրա։ Դրանք օդում չեն»,— հավելել է Ալիևը։
Այստեղ հատկանշական է, որ մինչ մեկ շաբաթ առաջ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հերքում էր անգամ F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում։ Ամեն ինչ փոխվեց, երբ հոկտեմբերի 7-ին «Նյու Յորք Թայմզի» հետաքննող լրագրող Քրիսթիան Թրիբերթը (Christiaan Triebert) Թվիթերում գրառում կատարեց հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդակայանում երկու F-16 կործանիչների առկայության մասին։ Եվ Թրիբերթի կողմից արբանյակային լուսանկարների հրապարակումից հետո միայն Ադրբեջանը ընդունեց F-16-երի առկայությունը։
Ավելին, ըստ հեղինակավոր «Ստրատֆոր» (Stratfor) ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության, թուրքական F-16 կործանիչների առկայությունը Ադրբեջանում ցույց է տալիս Թուրքիայի ուղիղ ռազմական ներգրավվածությունն ընթացող ռազմական գործողություններում։
Անի Ավետիսյան
Հովհաննես Նազարեթյան