Հունիսի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում Գառնիկ Դանիելյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վկայակոչելով, մի հայտարարություն է արել, որը խիստ վիճահարույց է։
Նա, մասնավորապես, ասել էր, թե Ադրբեջանի նախագահի պահանջով Հայաստանի Հանրապետությունը բանակ չպետք է ունենա։
«Հիմա բանակի կազմաքանդման գործընթացն է․ Ալիևն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը բանակ չպետք է ունենա, հիմա ասում են՝ 5000 սահմանապահ լինի ու մի քանի հատ շուն, հերիք ա»,- հայտարարել է Գառնիկ Դանիելյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրների միջոցով ծանոթացել է Ալիևի հայտարարություններին ու մինչ այժմ Հայաստանին ներկայացված պահանջներին, փորձել է ստուգել, թե Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմավորումից ի վեր՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն արել է։
Նախ, նկատենք, որ Հայաստանի բանակը վերացնելու մասին Ալիևին վերագրվող նման հայտարարության մասին բաց աղբյուրներում որևէ հիշատակում չկան։ Բացի այդ, հանձնաժողովի նիստերի աշխատանքների մասին հայտարարությունները և մամուլի հաղորդագրությունները երբևէ չեն պարունակել նման հարցի քննարկման կամ որոշման հիշատակում։
2022 թ․ օգոստոսի 30-ին, նույն թվականի նոյեմբերի 3-ին, 2023 թ․ հուլիսի 12-ին, նոյեմբերի 30-ին, 2024 թ․ հունվարի 31-ին, նույն թվականի մարտի 7-ին, ապրիլի 19-ին, մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումներից հետո հրապարակված մամուլի հաղորդագրություններում որևէ հիշատակում չկա նման հարցի քննարկման մասին:
Իրավացիորեն, Ադրբեջանը բազմիցս ներկայացրել է պահանջներ Հայաստանի Հանրապետությանը: Օրինակ, մայիսին Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի «Խոջալուի ցեղասպանության» համար: Հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագիրն անհնար է ստորագրել»:
Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետությունը շարունակաբար հայտարարել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պահանջների մասին, սակայն պահանջ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա բանակ, այլ միայն «5000 սահմանապահ», երբևէ չի հնչել։
Ալյոնա Հայրապետյան