Ռուսական vz.ru (Взгляд) կայքը, մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, գրել է, որ Ադրբեջանն Արցախում կասետային հրթիռներ չի օգտագործում։
Կայքը ներկայացրել է գերմանական ARD-ի (Գերմանիայի առաջին ալիք) հետ Ալիևի հարցազրույցի այն հատվածը, որտեղ Ադրբեջանի նախագահը, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կասետային հրթիռներ օգտագործում, որի մասին Amnesty International-ը և Human Rights Watch-ը ապացույցներ են ներկայացրել, Ալիևը պատասխանել է. «Մենք չենք գործադրում այդ զենքը և միայն պաշտպանվում ենք: Մենք հրավիրել ենք Amnesty International-ին և Human Rights Watch-ին, դժբախտաբար, այդ կազմակերպություններն իրադարձությունները լուսաբանում են միայն Հայաստանի տեսակետից և կողմնակալ են»։
Ադրբեջանի կողմից կասետային արգելված ռումբերի օգտագործումը, չնայած առկա անհերքելի փաստերին, Ալիևը հետևողականորեն հերքում է։
«Փաստերի ստուգման հարթակը» պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից արդեն Արցախում էր և ներկայացրել էր Արցախի տարբեր քաղաքներում Ադրբեջանի կողմից օգտագործված կասետային արգելված ռումբերի օգտագործման փաստեր։
Արգելված զինատեսակների կիրառման մեր հավաքած փաստերը ներկայացվել են նաև միջազգային լրատվամիջոցներին ու կառույցներին, այդ թվում՝ նաև Human Rights Watch-ին, որը նաև այդ փաստերի ու լուսանկարների հիման վրա հրապարակել էր զեկույց` արձանագրելով Ադրբեջանի կողմից կասետային զինատեսակների օգտագործումը։
Ինչ վերաբերում է Ալիևի այն պնդմանը, թե իրենք հրավիրել են նաև Amnesty International-ին և Human Rights Watch-ին, բայց այդ կազմակերպություններն իրադարձությունները լուսաբանում են միայն Հայաստանի տեսակետից և կողմնակալ են, ապա այն ևս սուտ է, քանի որ HRW-ը Արցախից ոչ միայն փաստեր էր ներկայացրել, այլ նաև պարզաբանել, թե ինչու մինչ այդ իրենք չեն մեկնել Ադրբեջան։
«HRW-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին տեղում հետաքննություններ անցկացնելու համար, բայց մինչև հիմա թույլտվություն չեն ստացել»,- գրել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։
Արցախում արգելված զինատեսակի օգտագործումից մեկ ամիս հետո միայն միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին թույլ տվեցին Ադրբեջանի Բարդա քաղաք այցելել, որից հետո արդեն հոկտեմբերի 30-ին Human Rights Watch-ը զեկույց հրապարակեց նաև Ադրբեջանում տեղի ունեցած հրետակոծությունների մասին։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Իլհամ Ալիևը չի վարանում ստել նույնիսկ անհերքելի ապացույցների առկայության դեպքում։ Ալիևը նաև դժգոհում է, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն այցելում Ադրբեջան, այնինչ հենց իրենք թույլ չեն տվել նրանց մուտք գործել Ադրբեջան։
Նելլի Լազարյան