Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ ստեղծված աղմուկին: Մասնավորապես, խոսելով Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության կողմից քաղաքապետարանին տրված մեքենաների և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին, Փաշինյանն ասաց. «Մի սեփականաշնորհված մանկապարտեզ քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձրել համայնքին: Նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջանում նույն մարդը ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում էր»:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մանրամասներ վարչապետի նշած օրինակների վերաբերյալ:
Համայնքապետարանին վերադարձված մանկապարտեզը
«Վերոնիկայի» մանկապարտեզ անունով հայտնի՝ Լենինգրադյան 33 հասցեում գտնվող մանկապարտեզը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Մանկապարտեզի տարածքը շուրջ 4 հազար քմ է:
Ալեքսանյանին պատկանող ՀԿ-ն 2008 թվականին դիմել էր համայնքապետարան՝ խնդրելով իրեն հանձնել մանկապարտեզի շենքը, որտեղ նշված շրջանում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Միաժամանակ կազմակերպությունը պարտավորություն էր ստանձնել մանկապարտեզն ապահովել գույքով ու սարքավորումներով, հոգալ երեխաների սննդի ծախսերը:
Քաղաքապետարանը բավարարել էր «Ալեքսանյանների ընտանիքի» դիմումը և կնքված պայմանագրով շենքը հանձնվել էր հասարակական կազմակերպությանը, իսկ 2008-ի դեկտեմբերից մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել էր ու վերագործարկվել նոր՝ «ԼուսԱստղ» անունով։ 2012-ին, սակայն, մանկապարտեզը փակվում է՝ հիմնանորոգման նպատակով, և այլևս չի բացվում:
Այս տարվա սկզբին արդեն քաղաքային իշխանությունները քննարկում էին մանկապարտեզը համայնքին վերադարձնելու հարցը: Հունիսի 26-ին կառավարության նիստում Հայկ Մարությանն անդրադարձել էր այս թեմային՝ նշելով. «Այս պահին ինչ հնարավոր էր, մենք հետ ենք բերել, մեկը հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը պետք է վերանորոգվի ու սկսի գործել»:
Այս մանկապարտեզի ու դրա գործունեության դադարեցման մասին քննարկումները բավական շատ են եղել վերջին շրջանում: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ այս մանկապարտեզը լինելու է վերադարձված այն շինությունների շարքում, որոնց գործունեության մեջ կասկածելի տարրեր են նկատել: Այսինքն՝ մանկապարտեզի շենքը վերադարձվել է համայնքապետարանին, քանի որ Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը, անհատույց ստանալով շենքը, այն չէր ծառայեցրել նպատակներին:
Ապամոնտաժված սրճարանը
Այս տարվա սկզբին, երբ քաղաքապետարանը նախաձեռնեց Օպերայի շրջակայքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը, ապամոնտաժվեց նաև Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող սրճարաններից մեկը: Այն ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Ալեքսանյանն ինքը համաձայնել է ապամոնտաժել սրճարանը և նաև խոստացել է բարեկարգել տարածքը:
Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող սրճարանը գտնվում էր նախագծով կանաչապատման ենթակա տարածքում, ուստի սրճարանի ապամոնտաժումը եղել է ոչ այլ ինչ, քան քաղաքապետարանի ծրագրի իրականացում: Սակայն մեկ նրբություն չէր վրիպել հանրության ուշադրությունից: Ապամոնտաժված սրճարանների հարևանությամբ գտնվող, բայց չփակված մի սրճարանի անուն ևս կապվում է Սամվել Ալեքսանյանի անվան հետ:
Ալեքսանյանի կնոջը տուգանելու փաստը
Վարչապետի նկատառումը, թե տուգանք է նշանակվել Ալեքսանյանի հետ կապված շինարարության կապակցությամբ, վերաբերում է նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի կողմից կատարված շինարարությանը: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթի՝ Ալեքսանյանի կինը վարչական պատասխանատվության է ենթարկվել Եռաբլուրի մոտակայքում իրականացվող շինարարությունը շինթույլտվությամբ սահմանված ժամկետներում չավարտելու և այն ապօրինի շարունակելու համար: Տուգանքի չափը կազմել է շուրջ 9 միլիոն դրամ:
Ի դեպ, այս մասին վերջին հարցազրույցում խոսել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մյուս կողմից, սակայն, նոյեմբերի 4-ին քաղաքապետարանն օրինական է ճանաչել Շողերինա Մկրտչյանին պատկանող մեկ այլ ինքնակամ կառույց: Օհանովի 15 հասցեում գտնվող այս շինությունը նրանց պատկանող ցանցի սուպերմարկետներից է: Օրինականացման դիմաց սեփականատերը քաղաքապետարանին պարտավորվել է վճարել 22 միլիոն դրամ:
Անի Ավետիսյան