«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոյանը ֆեյսբուքյան հանրագրով անդրադարձել է իր ներկայացրած հայտարարագրերում առկա կեղծ տվյալների վերաբերյալ Fip.am-ում մայիսի 31-ին հրապարակված հետաքննությանը:
««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։
Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։ Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։
Ներկայումս վարում եմ 2012 թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր եմ ներկայացրել 2018 թվականի հունիսի 15-ին, իսկ մեքենան, ինչպես արդեն նշեցի, գնել եմ հունիսի 12-ին, այսինքն հայտարարագիրս լրացնելու պահին այդ մեքենան արդեն ինձ էր պատկանում, և տարօրինակ կլիներ, եթե ես այն չհայտարարագրեի։
Բացի սրանից, հրապարակման հեղինակները պնդում են, թե իբր կինս չի ներկայացրել գույքի ու եկամտի իր հայտարարագիրը։ Այս տեղեկությունը ևս սուտ է։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիրը ներկայացվել է էթիկայի հանձնաժողով, իսկ թե ինչու այն հասանելի չէ կայքում, լրագրողը կարող էր ճշտել էթիկայի հանձնաժողովից, ինչը, սակայն, չի արվել։
Ինչ վերաբերում է իմ և կնոջս կողմից ձեռք բերված բնակարանին, ապա հարկ եմ համարում նշել, որ բնակարանը ձեռք է բերվել կառուցապատողից՝ կիսակառույց վիճակում՝ 44 հազար դոլարով։ Այս գումարը մենք վճարել ենք նախորդ բնակարանիս վաճառքից ստացած միջոցներից։
Հարգելի ընկերներ, լրագրողներ, ես մշտապես գործել եմ օրինական ու թափանցիկ և միշտ կողմնակից եմ եղել հանրային հաշվետվողականությանը։ Մեկ անգամ ևս ցանկանում է նշել, որ ինձ ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է, էլ չեմ խոսում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են»,- գրել է Սիմոնյանը:
Fip.am-ը հարկ է համարում նշել, որ հետաքննության մեջ ներկայացված փաստերը հիմնավորված են պաշտոնական փաստաթղթերով: Ավելին՝ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել դրանք, քանի որ փաստաթղթերը տեղադրված են հղումներով:
Սակայն Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը նոր հարցեր առաջացրեց։ ԱԺ նախագահի տեղակալը, փաստացի, հաստատում է, որ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ ներկայացված հայտարարագրում առկա է փաստական սխալ։
Չնայած նա հունիսին է ներկայացրել հայտարարագիրը, սակայն այն պետք է ամփոփեր Ալեն Սիմոնյանի ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (16.05.2019)։ Հետևաբար, հայտարարագրում պետք է նշված լիներ ոչ թե հունիսին՝ պաշտոնը ստանձնելուց հետո գնված մեքենան, այլ պաշտոնին անցնելու օրվա դրությամբ առկա գույքը։ Կարծում ենք՝ ԱԺ նախագահի տեղակալը, որը ՀՀ օրենսդիր մարմնում է արդեն մեկ տարուց ավելի, տիրապետում է հայտարարագրեր ներկայացնելու կանոնակարգին և օրենքին։ («Հանրային ծառայության մասին» օրենքի 33․1 հոդված)
Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, Էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր (այն սահմանված կարգի համաձայն հրապարակվում է 10 օրվա ընթացքում — խմբ.)։ Հետևաբար, Ալեն Սիմոնյանի կինը տարեկան հայտարարագիր կարող էր ներկայացնել նույնիսկ այսօր, իսկ ԱԺ փոխնախագահը՝ վստահ պնդել, որ կնոջ հայտարագիրն առկա է, իսկ թե ինչո՞ւ այն հրապարակված չէ՝ իրենք մեղավոր չեն։ Ցանկալի կլիներ, որ Ալեն Սիմոյանը հանրությանը տեղեկացներ, թե երբ է Մարիամ Մարգարյանն Էթիկայի հանձնաժողովին ներկայացրել տարեկան հայտարարագիրը:
ԱԺ փոխնախագահը կրկին հաստատում է, որ պաշտոնը ստանձնելիս ունեցել է MITSUBISHI ASX, այն վաճառել է, ներգրավել վարկային միջոցներ և նոր միայն գնել իր RANGE ROVER-ը:
Սակայն Սիմոնյանի այս պնդումներն ու Կադաստրից Fip.am-ին ներկայացրած փաստաթղթերը հակասում են իրար:
Անդրադառնալով իր և կնոջ կողմից ձեռք բերված բնակարանին՝ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ նախկինում ունեցել է գույք, որի վաճառքի արդյունքում է ձեռք բերել նորը։ FIP.am-ն ուսումնասիրել է Ալեն Սիմոնյանի՝ մինչև բնակարանը գնելը ներկայացրած հայտարարագիրը (հաշվետու ժամանակաշրջան՝ 01.04.2016-01.04.2017), որտեղ գույք ունենալու մասին որևէ նշում չկա։ Բացի այդ, FIP.am-ի հրապարակման մեջ ներկայացված է Կադաստրի պետական կոմիտեից տրամադրված փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը միասնական գույք են ձեռք բերել 2017 թ. մայիսի 30-ին հիփոթեկային վարկավորմամբ։ Զույգը սեփական միջոցներից վճարել է բնակարանի միայն 30 տոկոս կանխավճարը, որը կազմել է 7 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ «Հայէկոնոմբանկից» տրամադրվել է 14 մլն դրամ։
Թե ինչքա՞ն գումար է «Հայէկոնոմբանկից» ներգրավել ԱԺ փոխնախագահն իր RANGE ROVER մեքենան գնելու համար՝ կրկին անհայտ է։ Այդ մասին Ալեն Սիմոյանը լռում է՝ նոր հետաքննության առիթ տալով:
Սակայն եթե ԱԺ փոխնախագահն իր RANGE ROVER մեքենան գնելու համար նոր վարկ է ներգրավել, ապա այն պետք է արտացոլվեր նաև հայտարարագրում: Մինչդեռ Սիմոնյանի հայտարարագրերում ներկայացված է միայն բնակարանի համար նախատեսված 14 մլն դրամի վարկային փոխառությունը, իսկ այլ վարկի մասին տեղեկատվություն չկա։
Մեկ անգամ էլ ցանկանում ենք նշել, որ հետաքննությունն իրականացվել է պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, որոնց իսկությունը կարող է ստուգել յուրաքանչյուր ընթերցող: