Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15:30-ի սահմաններում ուժգին երկրաշարժ գրանցվեց Երևանի շրջակայքում։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Երևանի վարչական սահմաններում՝ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս՝ 40.11°N 44.54°E կոորդինատներով։ Երևանում այն զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ։ Իսկ ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, երկրաշարժը ունեցել է 4.9 մագնիտուդ ուժգնություն, և էպիկենտրոնը եղել է Արարատի մարզի Հովտաշեն գյուղի տարածքում՝ 40.027°N 44.459°E կոորդինատներով։
ԱԻՆ-ի ուղղեցույցը և մետրոյի աշխատանքը
Երկրաշարժից կարճ ժամանակ անց լրատվականներով տարածվեց ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայության կողմից մշակված՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնների ուղեցույցը։ Այն նաև հրապարակվել է ԱԻՆ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Ուղեցույցում նշված է նաև մետրոյում եղած ժամանակ երկրաշարժի դեպքում գործողությունների ցանկը։ Մետրոյի մասին հատվածում նշվում է. «5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը»։
Միաժամանակ, Երևանի մետրոպոլիտենը ֆեյսբուքյան էջում ժամը 17:00-ին տարածել է հաղորդագրություն, որ «երկրաշարժի հետևանքով խափանումներ չեն գրանցվել, և երթևեկությունը շարունակվում է գրաֆիկի համաձայն»։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանի հետ, որը հաստատեց, որ մետրոն աշխատել է առանց խափանման։ Նա նաև նշեց, որ մետրոպոլիտենի երթևեկության կարգավարական տեղամասի հետ ԱԻՆ-ն ունի ուղիղ հաղորդակցման հնարավորություն։ «Այսօր նման ցուցում չի իջեցվել, որ դադարեցնենք աշխատանքները։ Մետրոպոլիտենը շարունակել է աշխատել բնականոն գրաֆիկի համաձայն»,- հավելեց Խաչատրյանը։
Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, ինչպես նշել էինք վերևում, Երևանում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ։ Բայց փաստացի, ի հակասություն ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայության պատրաստած ուղեցույցի, մետրոյում էլեկտրականությունը չի անջատվել, և գնացքները ժամանակավորապես չեն կանգնել։
Հովհաննես Նազարեթյան