Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հունվարի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2019-ին ԱԺ-ում պետական բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար։
Արսեն Բաբայանի գրառումը վերահրապարակել էին՝ news.am, 168.am, asekose.am, pastinfo.am և այլ լրատվականներ։
Բաբայանի այս գրառման համար հիմք էին հանդիսացել 2019-ի տարեվերջին ԱԺ-ի պարգևատրումների մասին տարատեսակ հրապարակումները։
Irakanum.am կայքը դեռ 2019-ի նոյեմբերին հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգևավճար են բաժանել և նրանք 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են։
Դեկտեմբերի 21-ին hraparak.am կայքը ևս անդրադարձել էր ԱԺ պարգևավճարների թեմային և գրել, որ Ազգային ժողովում հազարավոր դոլարների հասնող պարգևավճարներ են սահմանել։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե 2019թ. ընթացքում ԱԺ-ում պարգևատրումների գումարը որքա՞ն է կազմել։
ԱԺ պարգևատրումների գումարը 2019-ին կազմել է շուրջ 3 մլն 150 000 դոլար
Այսպես, FIP.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ պարգևատրումների գումարը կազմել է 1, 416, 734, 876 դրամ։
«Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և պատգամավորները 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ պարգևատրվել են 13 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 526, 035, 568 դրամ։ Նշված գումարն, ամենամսյա պարգևավճարներից բացի, ներառում է նաև Մարտի 8-ի կապակցությամբ կին պատգամավորների, Անկախության տոնի առթիվ բոլոր պատգամավորների և ամանորյա պարգևատրումները»,- նշված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմին, ապա 2019թ. նրանց պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890, 699, 308 դրամ։ Ընդհանուր առմամբ, ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են 16 անգամ, որի մեջ մտնում են վերոնշյալ տոների, ինչպես նաև պետծառայողների համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կիսամյակային պարգևավճարները։
«Բացի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումներ» ֆոնդերից ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին»,-նշվում է հարցման պատասխանում։
Օրենսդիրից նաև տեղեկացնում են, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ 2019թ. պարգևատրվել են ոչ միայն ԱԺ աշխատակազմի պետծառայողներն, այլև հավասարապես բոլոր աշխատակիցները՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի կատարողականները։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2019-ին ընդհանուր առմամբ Ազգային ժողովի պարգևատրումների գումարը կազմել է 1, 416, 734 876 դրամ, որը կազմում է շուրջ 3 մլն 14 հազար դոլար։
Նելլի Լազարյան