Հունվարի 17-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Գործող օրենքում առաջարկվող փոփոխություններին բացասական են արձագանքել մի շարք պատգամավորներ, այդ թվում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, մեկնաբանելով օրենքի նախագիծը, իրակությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ է արել դրա վերաբերյալ։
Ցուցանակներ` տեսանելի վայրերում
«Օրենքը նախատեսում է ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերում [խմբ․ տեսանկարահանումը]։ Կարող են գնալ ձեզնից որևէ մեկի դիմացի հարևանի կամ որևէ մեկի հետ պայմանագիր կնքել և տեսախցիկը տեղադրել, ձեզ պահել ընդհանուր տեսադաշտում: Ընդ որում, շատ հետաքրիքր է՝ խոսքը ինչպես հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարահանման մասին է»,-ԱԺ ամբիոնից հայտարարել է Փաշինյանը։
Պատգամավորի հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագծում սահմանվում է, որ տեխնիկական միջոցներով հսկողություն կարող է իրականացվել ոչ թե մասնավոր վայրերում, այլ մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում։
Թյուրըմբռնման տեղիք է տալիս նաև օրենքի նախագծով թույլատրվող տեսանկարահանմանը Փաշինյանի տված «գաղտնի» ձևակերպումը։ Համաձայն նախագծի․ «Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում»: Մասնավորապես, ոստիկանությունը պարտավորվում է տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրել վերահսկողության մասին, ինչպես նաև տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը հրապարակել police.am կայքէջում։
Օրենքում, պարզապես հիշատակում կա, որ դրա կարգավորումները չեն վերաբերում գաղտնի օպերատիվ-հետախուզական նկարահանումներին (դրանց մասին՝ ստորև), ինչն էլ, հավանաբար, պատգամավորի կողմից թյուրըմբռնման պատճառ է դարձել:
Դեռևս 2007 թվականից
Փաշինյանի և ԱԺ մի շարք պատգամավորների դժգոհության առիթ հանդիսացող «գաղտնի» նկարահանումը թույլատրված էր մինչ այս ևս՝ «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, դեռևս 2007 թվականից գործող օրենքի 10-րդ հոդվածը իրավունք է վերապահում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին իրենց խնդիրն իրականացնելիս անցկացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք արտաքին և ներքին դիտումներն են։ Նույն օրենքի 21-րդ հոդվածով ամրագրվում է անձանց հսկումը բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` «հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»։ Օրենքի 22-րդ հոդվածը նույնը սահմանում է «ներքին դիտման»՝ այսինքն, օրինակ բնակարանում հսկողության իրականացման համար։