Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովի նիստին առաջին փորձից քվորում չապահովվեց, քանի որ գրանցվել էր ընդհանուր առմամբ 44 պատգամավոր, այնինչ քվորումի համար անհրաժեշտ էր 67-ը։
Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները դա մեկնաբանեցին տեխնիկական խնդիրների առկայությամբ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ առաջին փորձից քվորում չլինելու պատճառն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունից 35 պատգամավոր մեկնել է Արցախ։
FIP.am-ի թիմը, ուսումնասիրելով ԱԺ դահլիճի ցուցատախտակը և գրանցված պատգամավորների տեղաբաշխվածությունը, հետաքրքիր մանրամասներ արձանագրեց։ Մասնավորապես, համադրելով եղած տեղեկությունները, պարզեցինք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նիստին գրանցվել է 9 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ 22 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից նիստին ներկա էր 13 պատգամավոր։
Այլ կերպ ասած՝ իշխող խմբակցությունից նիստից բացակայում էր ընդհանուր առմամբ 79 պատգամավոր։ Հաշվի առնելով այն, որ 35 պատգամավոր մեկնել է Արցախ, կարող ենք ասել, որ «Իմ քայլը» խմբակցությունից 44 պատգամավոր նիստին ներկա չէր:
Ընդդիմադիր խմբակցություններն ավելի պարտաճանաչ են գտնվել․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նիստից բացակայում էր 4 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից՝ 5 պատգամավոր։
Հարկ է նշել, որ եթե անգամ այս խմբակցություններից բացականեր չլինեին, դարձյալ առաջին փորձից քվորում չէր լինի, քանի որ քվորումի համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեին ևս 14 պատգամավոր։
Հավելենք նաև, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին գործուղման մեջ են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, և Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։
ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Սահմանադրական դատարանն այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ սահմանել է մինչև ապրիլի 1-ը։
Հ․Գ․ Չորս ժամ անց հերթական գրանցումից հետո անհրաժեշտ քվորումն ապահովվեց, և ԱԺ նիստը կայացավ։