Մի շարք լրատվամիջոցներ տարածել են ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Նազարյանի գրառումը՝ կից լուսանկարով, այն մասին, որ Երևանում վաճառվում են Աթաթուրքի ստորագրությամբ և պատկերով պայուսակներ, որոնց վրա գրված է․ «Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»․ Ք. Աթաթուրք։
Թեև հետագայում օգտատերը գրառումը հեռացրել է, սակայն որոշ կայքեր (hayeli.am, 24lurer.am, asekose.am, newinfo.am, artsakh.news, zham.am, yelaket.am, ancudardz.am) շարունակում են այն տարածել:
Գայանե Նազարյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ պայուսակները Հայաստանի խանութներից մեկում է նկատել, սակայն խանութի տնօրինությունը, դրա բովանդակությունն իմանալուց հետո, դրանք վաճառքից հանել է։
Գայանեն այնուհետև ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բավական տարածում գտած իր գրառումը հեռացրել է՝ խանութի տնօրինության շատ արագ ու գործնական արձագանքից հետո: «Շնորհակալություն խանութի ղեկավարությանն ու բոլորիս` հետևություններ անելու համար…»,- գրել է նա։
Նշենք, որ Թուրքիան Հայաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան են ներմուծվել մոտ 150 մլն դոլար արժողությամբ ապրանքներ, իսկ ընդհանրապես՝ թուրքական ծագման արտադրանքի ներմուծումը նախորդ տարի կազմել է 268 մլն դոլար։
Հայաստանը Թուրքիայից ներմուծում է հիմնականում տրիկոտաժ և բամբակյա գործվածքներ, նավթամթերք, լվացող և քիմիական այլ միջոցներ, էլեկտրական սարքեր, ցիտրուսային մրգեր և այլն։
Նշենք նաև, այս տարվա հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց ժամանակավոր արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործելու է վեց ամիս ժամկետով:
Նելլի Լազարյան