Այսօր` մարտի 7-ին, xosnak.am լրատվական կայքը հրապարակել է լուսանկար, որտեղ, իբր, թուրք աշակերտներն անարգում են դասասենյակում կախված Աթաթուրքի լուսանկարը։ Կայքի հրապարակումը լայնորեն տարածվել է Ֆեյսբուքում:
Իրականում, սակայն, լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին Reddit սոցիալական ցանցում, և իրական լուսանկարում պատկերված են իրանցի աշակերտներ։ Օրիգինալ նկարում պատկերվածն էլ ոչ թե Աթաթուրքն է, այլ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին։
Նկարի հրապարակման ամսաթիվը համընկնում է Իրանում 2022-ին տեղի ունեցող հակաիշխանական ցույցերի հետ, երբ սեպտեմբերի 20-ին երիտասարդ աղջկա մահը պատճառ դարձավ ամիսներ տևած զանգվածային ցույցերի։
Ուշագրավ է, որ E r m e n i h a b e r լրատվականը դեռ երեկ՝ մարտի 6-ին, հրապարակել էր «Սկանդալ Թուրքիայում. աշակերտները հայհոյական ժեստ են արել Աթաթուրքի լուսանկարին» վերնագրով հոդված։ Ըստ դրա՝ լուսանկարը հրապարակվել էր մարտի 6-ին X սոցիալական ցանցում թուրք օգտատիրոջ կողմից։
Հոդվածի վերջում նշվում է, որ «թուրքական որոշ լրատվականներ հակադարձել են նման գրառումներին՝ պնդելով, որ տարածվող նկարը իրականության հետ կապ չունի և այն կեղծված է»։ Չնայած այն հանգամանքին, որ հոդվածում նաև ներկայացվում է հակադարձող պնդումը, վերնագիրը և լուսանկարը, այնուամենայնիվ, տարածում են կեղծ տեղեկություն։
Այսպիսով, տարածվող լուսանկարը և լուրը լիովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Արփինե Հովհաննիսյան