Օրերս Հայաստանի Ոստիկանությունը տարածեց մամուլի հաղորդագրություն, որում մասնավորապես հայտնեց, որ «պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք»: Ի տարբերություն տարիներ շարունակ գործող արագաչափերի՝ այս մեկից առաջ չի լինելու նախազգուշացնող որևէ նշան, և ոստիկանությունը չի հրապարակում դրա տեղակայման վայրերը:
2008-ին ընդունված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ ճանապարհներին լուսանկարող սարքերի մասին նախազգուշացնող նշանների տեղադրումը: Սակայն մեդալն ունի նաև հակառակ կողմը:
2008 թվականի մարտի 20-ին և ապրիլի 7-ին ԱԺ լիագումար նիստերում ի թիվս այլ հարցերի քննարկվում էր նաև խնդրո առարկա օրենքը: Մարտի 20-ի նիստին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի առջև բարձրացրեց նախազգուշացնող նշանների հարցը, որին գեներալ-լեյտենանտ Մահտեսյանը պատասխանեց ԱԺ հաջորդ (ապրիլի 7-ի) նիստին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման իր եզրափակիչ ելույթում. «Օրինագծի կարգավորումից դուրս է նաև երթևեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը հանդես կգա ճանապարհային երթևեկության կանոններ հաստատած ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, և համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին»։
Այլ կերպ ասած, այդ պահին ՀՀ կառավարությունը ԱԺ-ում ներկայացնող Հայաստանի փոխոստիկանապետը օրենսդրին վստահեցրել է, որ այդ նշանները տեղադրվելու են, սակայն դա կկարգավորվի ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով (կառավարության որոշմամբ): Դրանով իսկ փոխոստիկանապետը բավարարեց մի շարք օրենսդիրների և խմբակցությունների ցանկությունը, որոնք կողմ քվերակեցին նախագծին (դեմ քվեարկեց միայն «Ժառանգությունը»)՝ հաշվի առնելով, որ նախազգուշացնող նշանների հարցն ըստ էության լուծված է:
Սակայն օրենքի ընդունումից գրեթե 10 տարի անց կառավարությունն այդպես էլ նման որոշում չկայացրեց: Տեսախցիկներից առաջ որևէ նշաններ չտեղադրվեցին, իսկ արագաչափերի մասին նախազգուշացնող նշանները (ցուցատախտակները) տեղադրվեցին առանց իրավական կարգավորման:
Իսկ փետրվարի 8-ից արդեն գործում է քողարկված շարժական արագաչափը, որի մասին ոչ միայն նախազգուշացնող նշան (ցուցատախտակ) չկա, այլ անգամ դրա տեղակայման մասին տեղեկատվությունը չի հրապարակվում:
Հավելենք, որ բազմաթիվ զարգացած երկրներում մայրուղիների վրա արագության սահմանափակումները ավելի բարձր են քան Հայաստանում, բոլոր արագաչափերից առաջ կան նախազգուշացնող նշաններ, իսկ ճանապարհային մահացությունը արմատապես փոքր է Հայաստանից (օրինակ Հոլանդիան, Ֆրանսիան և այլն):