Այս տարվա մարտին, երբ աշխարհում հայտարարվեց նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը կոչ արեց բոլոր պետություններին գլոբալ հրադադար հաստատել:
«Ես կոչ եմ անում անմիջապես հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում: Ժամանակն է դադարեցնել զինված բախումները և կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,- հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտյերեշի կոչը, սակայն, շատ հակամարտությունների դեպքում բավարար չեղավ, և անգամ համավարակի պայմաններում որոշ վայրերում ռազմական գործողությունները շարունակվեցին, իսկ հաճախ՝ ավելի սրվեցին:
ՄԱԿ-ի կոչը
ՄԱԿ-ը հրադադար հաստատելու կոչն արեց մարտի 23-ին: Գաղափարն այն էր, որ կրակի դադարեցումը մարդասիրական ծառայություններին թույլ կտար ավելի հեշտորեն հասնել բնակչության այն հատվածներին, որոնք ավելի խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Ավելին՝ նշվում էր, որ առողջապահական համակարգերը պատերազմող երկրներում հաճախ են կանգնում ամբողջական կոլապսի առաջ, իսկ բժշկական անձնակազմերը երբեմն դիտվում են որպես թիրախներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր անում պատերազմող կողմերին վերջ տալ ռազմական գործողություններին, լռեցնել զենքերը, կանգնեցնել հրետանին, վերջ դնել օդային հարվածներին:
Կոչին միացել են 170 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Նորվեգիան, Չեխիան և այլն:
Հատկանշական է, որ կոչին չի միացել Ադրբեջանը: Իսկ Արցախի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնել կոչին դեռևս մարտի 25-ին:
Գլոբալ հրադադար աշխարհում չի հաստատվել
Չնայած ՄԱԿ-ի կոչին՝ աշխարհի տարբեր մասերում՝ Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Լիբիայում, ռազմական գործողությունները շարունակվել են։ Աֆղանստանում շարունակում են ահաբեկչական գործողություններ իրականացվել, որոնց զոհ են գնում խաղաղ բնակիչներ: Միայն մարտ ամսից հետո այդ երկրում տասնյակից ավելի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում, ընդհանուր առմամբ, մոտավոր հաշվարկով, 100-ից ավելի մարդ է սպանվել։
Տարիներ ձգվող ռազմական ընդհարումները շարունակվում են նաև Եմենում: Հումանիտար աղետի պայմաններում ապրող երկրում պայմաններ պարզապես չկան դիմագրավելու համավարակին: Վարակվածներին պարզապես չեն բուժում, քանի որ հիվանդանոցները չունեն պաշտպանիչ միջոցներ: Իսկ այդ ընթացքում տասնյակ քաղաքացիներ քաղաքացիական պատերազմի զոհ են դառնում ամեն օր:
Թուրքական ներգրավվածությունը Լիբիայում
2011-ին Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմը կանգ չի առնում: Պայքարը շարունակվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության և Լիբիայի ազգային բանակի միջև: Այդ երկրում իրավիճակը հատկապես թեժացել է, երբ Ազգային համաձայնության կառավարությանն իր աջակցությունն է սկսել տրամադրել Թուրքիան: Ընդ որում, Անկարան Ազգային համաձայնության կառավարությանը տրամադրում է ոչ միայն գերժամանակակից ռազմական տեխնիկա, այլև զինյալներ: Ուշագրավ է, որ Թուրքիան Լիբիա է մատակարարել բազմաթիվ անօդաչու սարքեր, ինչի շնորհիվ Ազգային համաձայնության կառավարությունը ստացել է բացարձակ գերակայություն օդում:
Արցախյան պատերազմում
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի հրադադարի կոչը չստորագրած Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմական գործողությունները չեն դադարում մինչև օրս:
Ուշագրավ է, որ Ադրբեջանն այս հարձակմանը նախապատրաստվել է ամիսներ շարունակ՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, ինչի մասին վկայող փաստերին անդրադարձել է նաև FIP.am-ը։
Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում արդեն իսկ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ և՛ հայկական կողմում, և՛ Ադրբեջանում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ ամիսներ շարունակ պայքարող առողջապահական համակարգերը գերլարվելու են՝ փորձելով սպասարկել և՛ ռազմական վիրավորներին, և՛ կորոնավիրուսով վարակվածներին: Թե ի՞նչ առողջապահական հետևանքներ կունենա սա տարածաշրջանի համար՝ հայտնի չէ, սակայն վերջին օրերին միայն Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի շեշտակի աճը վկայում է առողջապահական լրջագույն մարտահրավերների մասին։
Այսպիսով, թեև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռևս մարտ ամսին համաշխարհային հրադադարի կոչ էր արել, որոշ երկրներ ոչ միայն չեն ստորագրել կոչը, այլև նորանոր բռնություններ են հրահրել: Արցախում ընթացող պատերազմին Ադրբեջանի կողմից ներգրավված Թուրքիան, ընդ որում, ակտիվ մասնակցություն ունի նաև Լիբիայում ռազմական գործողություններում։
Լուսինե Ոսկանյան