Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված, «էկոակտիվիստ» ներկայացող անձինք փակած են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, կա սննդամթերքի և բժշկական պարագաների պակաս:
Հիմնախնդրի առիթով պաշտոնական Երևանի դիմումի համաձայն հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը և ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան մի շարք կեղծ և մանիպուլյատիվ թեզերով են հանդես եկել:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է դրանցից մի քանիսը:
ՌԴ ներկայացուցիչը կեղծում է․ միջանցքում երթևեկությունն անգամ մասնակի չի վերականգնվել
Անվտանգության խորհրդի նույն նիստում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան հայտարարեց, թե ռուսական կողմի ջանքերի շնորհիվ Լաչինի միջանցքի երթևեկությունը «մասնակի վերականգնվել է»։
Դեկտեմբերի 12-ից ի վեր՝ բաց աղբյուրներում միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության ընդամենը երկու դեպքի մասին է հայտնի։
Դեկտեմբերի 18-ին՝ Լաչինի միջանցքի արգելափակման 7-րդ օրը, համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ռուս խաղաղապահների՝ հումանիտար բեռներ տեղափոխող ավտոշարասյունն անցնում Լաչինի միջանցքով։
Տեսանյութն ակտիվորեն շրջանառվում էր ադրբեջանական սոցցանցերում և ԶԼՄ-ներում։
Բաց աղբյուրներում միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության հաջորդ և վերջին դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 19-ին, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Երևան։
Միջանցքի արգելափակումից ի վեր այլ տրանսպորտային միջոցների՝ միջանցքով երթևեկության մասին հայտնի չէ։
Սրան զուգահեռ, պաշտոնական Ստեփանակերտը ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ միջանցքում երթևեկությունը վերականգնված չէ, իսկ Արցախը շարունակում է մնալ կատարյալ շրջափակման մեջ։ Ըստ տեղեկատվական շտաբի՝ դեկտեմեբրի 21-ի դրությամբ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։
Այսպիսով, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալի պնդումը, թե Լաչինի միջանցքում երթևեկությունը մասնակի վերականգնվել է, կեղծիք է։
Լաչինի միջանցքը փակ է
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ «բողոքի ակցիա անող ակտիվիստները» չեն արգելափակել Լաչինի ճանապարհը, և քաղաքացիների, բեռների և մեքենաների երթևեկությունը շարունակում է իրականացվել առանց արգելքի։
«Սոցիալական մեդիայով տարածվող տեսանյութերը ցույց են տալիս տաբեր տեսակի մեքենաների անարգել անցումը, ներառյալ հումանիտար շարասյունների և շտապ օգնություններ: … Հումանիտար հետևանքների մասին Հայաստանի ներկայացուցչի պնդումը կեղծ է: …Որևէ արգելանք չկա սննդամթերքի կամ կարևոր բժշկական ծառայությունների մատակարարման տեսանկյունից»,- նշեց Յաշար Ալիևը:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ է անցել Լաչինի շրջանը։ Սակայն 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնալու էր ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, որով էլ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Նույն կետի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
Սակայն ճանապարհը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար մինչ այս նյութի հրապարակման պահը փակ է։ Ինչպես վերևում նշվեց, փակվելուց հետո այդ ճանապարհով երթևեկում են միայն ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցները։ Բացառություն է եղել միայն դեկտեմբերի 19-ը, երբ Ստեփանակերտի հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող բուժառուներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան։
Մինչ այդ ու դրանից հետո ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցի «էկոակտիվիստների» գործողությունների հետևանքով, և Ադրբեջանի ներկայացուցչի պնդումը, թե քաղաքացիների, մեքենաների ու սննդի տեղափոխումը իրականացվում է առանց որևէ արգելքի, կեղծիք է։ Վերը նշված՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի տեղափոխումից բացի, ճանապարհով այլ քաղաքացիներ, մեքենաներ կամ սնունդ չի տեղափոխվել։
Հատկանշական է, որ ճանապարհը փակած ադրբեջանցիների գործողությունները ակտիվորեն լուսաբանվում են ադրբեջանական մեդիայով, այսինքն ադրբեջանական ԶԼՄ-ները մշտապես գտնվում են արգելափակված ճանապարհահատվածում։ Հետևաբար՝ Ադրբեջանի ներկայացուցչի պնդումը, որ ճանապարհը փակած ադրբեջանցիները որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների, մեքենաների կամ բեռների ազատ տեղաշարժին, կունենար նաև դա ապացուցող տեսանյութային հիմնավորում։ Ինչ վերաբերում է Յաշար Ալիևի կողմից հիշատակված տեսանյութերին, ապա այստեղ ևս նա դիմում է մանիպուլյացիայի՝ մեկ անգամ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխված հիվանդի ու ՌԴ խաղաղապահների մեքենաների տեսանյութերը ներկայացնելով որպես շտապ օգնության մեքենաների ու հումանիտար բեռներով շարասյունների շարունակական ելումուտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը
Ադրբեջանի ներկայացուցիչն անդրադարձավ նաև 1990-ականներին ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին:
«Հարկ է նշել, որ այն, ինչ Հայաստանը ու որոշ խորհրդի անդամներ սխալմամբ կոչում են Լեռնային Ղարաբաղ, իրականում միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը հայկական օկուպացիայի տակ է եղել գրեթե 30 տարի: Ընդգծում եմ՝ գրեթե 30 տարի: Սա հետևողականորեն հաստատվել է Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևերում»,- նշեց նա:
Ադրբեջանի կողմից բազմիցս շահարկվող և մանիպուլացվող ՄԱԿ-ի այդ բանաձևերին FIP.am-ն անդրադարձել է մի քանի անգամ: Նախկին ԼՂԻՄ-ի վերաբերյալ որևէ հայտարարություն կամ պահանջ չի ներկայացված: 822, 853, 874, 884 բանաձևերով «տեղի հայկական ուժերից» պահանջվում էր դուրս բերել զորքերը ԼՂԻՄ հարակից՝ Քելբաջար, Աղդամ, Զանգելան շրջաններից և Հորադիզ քաղաքից: Նշենք, որ այդ շրջանները 2020 թ. պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ դեկտեմբերի 20-ի նիստի համատեքստում ադրբեջանցի պաշտոնյայի պնդումներն արդիական չեն:
Հատկանշական է նաև, որ այդ բանաձևերը որևէ կերպ չեն մեղադրել Հայաստանին տարածքների օկուպացիայի համար: Դրանցում ՄԱԿ-ը կոչ էր անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել կիրառել իր ազդեցությունը Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի վրա, որպեսզի վերջիններս հետևեն բանաձևերի պահանջներին:
Հետևաբար, ԼՂԻՄ տարածքի՝ «հայկական օկուպացիայի տակ» գտնվելու վերաբերյալ պնդումը մանիպուլյատիվ է:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի մասին կարող եք մանրամասն կարդալ FIP.am-ի այս հրապարակման մեջ:
Լաչինի բնակչությունը մինչև Արցախյան առաջին պատերազմը
Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում անդրադարձավ նաև Լաչինի շրջանի բնակչությանը մինչև 1990-ականներին Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմը:
«Լաչինի ավելի քան 77,000 բնակիչները [1990-ականներին] ստիպված են եղել լքել իրենց տներն ու ունեցվածքը»,- ասաց նա:
Իրականում, սակայն, Լաչինի շրջանը պատերազմից առաջ այդքան բնակչություն չի ունեցել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1989 թվականին Լաչինի շրջանում ապրում էր 47,339 անձ:
Հետևաբար, Յաշար Ալիևի այս պնդումը ևս կեղծ է:
Հանքանյութերի տեղափոխումը Լաչինի միջանցքով
Մեկ այլ պնդմամբ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Լաչինի միջանցքով բնական ռեսուրսների տեղափոխումը եռակողմ հայտարարության էական խախտում է։
«Եռակողմ հայտարարության համաձայն` Լաչինի ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով։ Ճանապարհի չարաշահումը […] Ադրբեջանի բնական պաշարների անօրինական տեղափոխման նպատակով հանդիսանում է եռակողմ հայտարարության էական խախտում և չի կարող հանդուրժվել»,- հայտարարեց նա։
Ադրբեջանի ներկայացուցչի այս պնդումը ևս զուրկ է փաստական որևէ հիմնավորումից։ Եռակողմ հայտարարության միայն 6-րդ կետն է վերաբերում Լաչինի միջանցքի օգտագործման պայմաններին։
Մասնավորապես, այդ կետով Ադրբեջանը պարտավորվել էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Օգտակար հանածոների, մասնավորապես՝ դրանց տեղափոխման արգելքի վերաբերյալ որևէ հիշատակում փաստաթղթում չկա:
Այստեղից ակնհայտ է, Ադրբեջանի ներկայացուցչի պնդումն առ այն, որ Լաչինի միջանցքով չեն կարող տեղափոխվել օգտակար հանածոներ, անհիմն է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների սահմանափակում նախատեսված չէ։
ՄԱԿ-ի հիմնաքարերը
Ելույթի սկզբում ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը մեղադրանքներ հնչեցրեց Անվտանգության խորհրդի հասցեին․ «Այս մարմինը ստեղծվել է որպես Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի պահապան: Պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և նրանց ներքին գործերին չմիջամտելը հիմնաքարերն են այս առումով»,- նշեց նա:
ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխում իսկապես նշվում է, որ դրա դրույթները չեն լիազորում Միավորված ազգերի կազմակերպությանը միջամտելու այն հարցերին, որոնք ըստ էության գտնվում են որևէ պետության ներքին իրավասության մեջ, կամ պահանջում են անդամներից նման հարցերը ներկայացնել սույն Կանոնադրության կարգավորմանը համաձայն: Միևնույն ժամանակ, սակայն ընդգծվում է, որ այս սկզբունքը չպետք է վնասի 7-րդ գլխի համաձայն հարկադիր միջոցների կիրառմանը։ Իսկ «Գործողություններ խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ» վերտառությամբ 7-րդ գլխում նշվում է, որ «Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։ Այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է պահանջել շահագրգիռ կողմերից կատարել այն ժամանակավոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարի:
Նախ՝ Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հարցը ներքին խնդիր չի կարող համարվել, քանի որ հակամարտությունը մի շարք պետությունների և հանրաճանաչ միջազգային ինստիտուտների կողմից դեռևս 1990-ականներից ճանաչվել է որպես միջազգային հակամարտություն: Հակամարտության գոտում բազմիցս խախտվել է խաղաղությունը՝ 1990-ականներին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Բացի այդ, առնվազն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում տարածաշրջանի բնականոն կյանքի ապահովման նպատակով այնտեղ տեղակայված է երրորդ երկրի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը:
Հետևաբար, Ադրբեջանի ներկայացուցիչը կեղծում և մանիպուլացնում է, թե ԼՂ հարցը Ադրբեջանի «ներքին հարցն է»:
Նանե Մանասյան
Սևադա Ղազարյան
Լուսինե Ոսկանյան