Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում միջազգային մամուլի, ինչպես նաև բազմաթիվ երկրների առաջնորդների ու հետախուզական ծառայությունների կողմից բազմիցս հայտարարվեց Ադրբեջանի կողմից պատերազմում վարձկանների և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման մասին։
Սրան ի պատասխան, Ադրբեջանը անընդհատ փորձում է ապացուցել, թե վարձկաններ իրականում կռվում են ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական զինված ուժերի կազմում` ներկայացնելով անհեթեթ «փաստեր»։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ադրբեջանական այս քարոզչության կեղծ ու անհիմն թեզերը։
Ադրբեջանական իշխանամերձ Haqqin.az լրատվականը հոկտեմբերի 15-ին «Հայաստանի կողմից վարձկանների և ահաբեկիչների ներգրավման մասին փաստեր են բացահայտվել» վերնագրով հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Ադրբեջանի փաստաբանների միության նախագահ Անար Բագիրովի՝ Հայաստանում ահաբեկչական կազմակերպությունների կողմից զինյալների հավաքագրման և պատերազմում կռվելու «բացահայտումները»։
«Հայաստանը ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության դրոշի ներքո սկսել է կամավորների հավաքագրում ՈՄԱ ահաբեկչական կազմակերպության կազմում՝ Ադրբեջանի դեմ մարտեր մղելու համար։ Եվ այս ամենը տեղի է ունենում Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքների ֆոնին»,- գրված է հոդվածում։
ԱՍԱԼԱ և ՈՄԱ
Այսպես, հոդվածում ՈՄԱ-ն, որի ամբողջական անվանում է՝ «Ողջ մնալու արվեստը», ներկայացվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը կապում են ԱՍԱԼԱ-ի հետ, ինչը, սակայն, պարզ քարոզչական հնար է։
Ինչպես նշվում է ՈՄԱ ակումբի ֆեյսբուքյան էջում, այն հիմնադրվել է 2014 թվականին հետախույզ Վովա Վարդանովի և նրա վետերան ընկերների կողմից։ Կազմակերպության նպատակն է սովորեցնել ցանկացած մարդու այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն գոյատևել ցանկացած իրավիճակում։
Այստեղ ցանկացողներին սովորեցնում են ռազմական պատրաստվածություն, օգտվել զենքերից, սովորել կրակել, տիրապետել առաջին բուժօգնություն և այլն։
Կազմակերպությունը հանդես չի գալիս ԱՍԱԼԱ-ի դրոշի ներքո և որևէ կերպ իրեն չի ասոցացնում այդ կազմակերպության հետ։
Ձախից՝ ԱՍԱԼԱ-ի դրոշը, աջից՝ ՈՄԱ-ի դրոշը։
Հոդվածում ներկայացված է նաև կազմակերպության հայտարարությունն ընթացող պատերազմում կամավորների հավաքագրման մասին։ Չնայած հայտարարության մեջ ևս նշված է, որ կազմավորվող գումարտակը բաց է Հայաստանից և Սփյուռքից կամավորների համար, սակայն հոդվածի հեղինակը պնդում է, թե հայկական կողմը վարձկաններ է հավաքագրում։
Փաստաբան-բացահայտողը, որպես իր ասածի վերջնական ապացույց, ներկայացնում է նաև ՈՄԱ ակումբի 3 անդամների՝ Դավիթի, Աշոտի և Միխայիլի լուսանկարները, որոնք, ըստ հեղինակի, արդեն իսկ մասնակցում են մարտական գործողություններին։ Հրապարակված տղաների լուսանկարները տեսանյութերից (տեսանյութ 1, 2, 3) սքրինշոթեր են։ Այդ տեսանյութերն արվել են 2017 թվականին, դրանցում տղաները պատմում են ՈՄԱ ակումբին իրենց մասնակցության, ինչպես նաև ապագայում Հայաստան վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու մասին։
Լիբանանահայ երիտասարդի տեսանյութը
Հայկական կողմից վարձկանների հավաքագրման մասին ադրբեջանական այս թեզը ակտիվորեն տարածվում էր նաև պատերազմի առաջին օրերին։ Շրջանառվում էր, թե Մերձավոր Արևելքից ժամանել են վարձկանները, և որպես ապացույց ներկայացնում էին տեսանյութ, որում լիբանանահայ մի երիտասարդ կոչով էր դիմում լիբանանյան քաղաքական կուսակցություններից մեկին։
Ադրբեջանի քարոզչությունը հիմնվում էր այն բանի վրա, որ երիտասարդը հագել էր հայկական զինուժի համազգեստ և խոսում էր հայ զինվորի անունից։
Իրականում, սակայն, տեսանյութի հերոսը լիբանանահայ երիտասարդ է, որը կամավորագրվել էր Արցախյան պատերազմին մասնակցելու և հայտնում էր, որ սահմանում ամեն ինչ հայկական ուժերի վերահսկողության տակ է։ Երիտասարդը հայտնում էր նաև, որ Սփյուռքը կանգնած է հայոց բանակի թիկունքին. «Եթե նույնիսկ 1000 ահաբեկիչ գա, ոչինչ չի կարող անել, քանի որ իրավունքը մեր կողմն է և հաղթանակը այլընտրանք չունի»,- հավելում էր նա։ Պետք է նշել, որ Հայաստանում և Արցախում ապրում են հազարավոր լիբանանահայեր և սիրիահայեր։ Այս տարվա օգոստոսին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո մոտ 850 լիբանանահայ տեղափոխվեց Հայաստան մշտական բնակության։ Չի բացառվում, որ այս երիտասարդը նրանցից մեկն է։
Այսպիսով, փաստենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կազմում սիրիացի վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներկայության մասին ներկայացված բազմաթիվ ծանրակշիռ ապացույցներին Ադրբեջանը փորձում է հակազդել հորինված ստերով և դրա համար ներկայացնում է այնպիսի «փաստեր», որոնք կարող է ստուգել յուրաքանչյուր ոք։
Սևադա Ղազարյան