Հունվարի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադան թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ վերջին հայտարարությանը։
Հունվարի 24-ին ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վատթարանում է:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները»,- ասել էր Փրայսը:
Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչն ի պատասխան գրել էր․ «Պետդեպարտամենտի հարգելի՛ ներկայացուցիչ, Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաների երթևեկությունն ապացուցում է Ձեր ասածի հակառակը»։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Ադրբեջանի ԱԳ ներկայացուցչի գրառումը, պարզեց, որ վերջինս կեղծում է փաստերը:
Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Այդ գործողությամբ Ադրբեջանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը․ ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած այդ հայտարարության՝ Լաչինի միջանցքը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- նշված է փաստաթղթում:
Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխումը՝ խախտելով հայտարարության վերոհիշյալ կետը։ Վերջին այդպիսի թարմ օրինակը «Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տոննա մարդասիրական բեռն է, որն այդպես էլ Արցախ չի հասել ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Շեշտենք, որ մինչև միջանցքի արգելափակումը Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք է տեղափոխվել Արցախ, մինչդեռ շարունակվող արգելափակման 45 օրվա ընթացքում միջանցքով հումանիտար բեռների ընդամենը մի քանի տասնյակ անցում է գրանցվել՝ բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքներին: Մեր ներկայացրած տեսանյութերը վկայում են ԼՂ-ում առկա սննդամթերքի և տնտեսական ապրանքների պակասի մասին:
Սննդի պակասի պատճառով հունվարի 18-ից Լեռնային Ղարաբաղում գործում է բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների համակարգ: Կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:
Ակնհայտ է, որ բեռներ տեղափոխող «ավելի քան 1000 մեքենաների» երթևեկության մասին ադրբեջանցի պաշտոնյայի տեղեկությունը կեղծ է:
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նաև միջանցքով քաղաքացիական անձանց երթևեկությունը՝ չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավոր է երաշխավորել քաղաքացիների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
Միջանցքի արգելափակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար տեղաշարժը հանրապետությունից դուրս արգելափակված է։ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդները պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով կամ չեն կարողանում տեղափոխվել Հայաստան, կամ էլ տեղափոխվում են բացառապես Կարմիր խաչի ուղեկցությամբ։
Իսկ հունվարի 18-ին միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ներխուժել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ամսից ավելի տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցի երեխաների ավտոբուսը, ահաբեկել երեխաներին՝ փաստացի խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժը, որն ադրբեջանական կողմը պարտավոր էր երաշխավորել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
Մեկ ու կես ամսում միջանցքով քաղաքացիականների երթևեկության հայտնի երկրորդ դեպքը գրանցել է հունվարի 24-ին, երբ 11 քաղաքացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել:
Այսպիսով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ակնհայտ կեղծիքով է հակադարձում ԱՄՆ պետդեպի պաշտոնյային՝ պնդելով, թե Փրայսի հայտարարությունը չի արտացոլում իրավիճակը Լաչինի միջանցքում։
Լուսինե Ոսկանյան