Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 20-ին «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին: Հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ Ալիևի խոսքում ակնհայտ սպառնալիքներ կային՝ ուղղված ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել էր Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»,- նշել էր Նաղդալյանը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ապրիլի 21-ին հակադարձել է Աննա Նաղդալյանին՝ պնդելով, որ Ալիևի խոսքում չկա որևէ սպառնալիք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ ընդամենը ցուցիչ է, որ Ադրբեջանը վճռական է արձագանքել ցանկացած սպառնալիքի Հայաստանի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Ինչպես միշտ Ադրբեջանի Հանրապետության նախագահն արտահայտել է իր տեսակետները բավականին պարզ և հստակ: Եթե Հայաստանի արտգործնախարարությունը ցանկանում է իր լսածը ներկայացնել այնպես, ինչպես ուզում է, դա արդեն իսկ նրանց չարամիտ մտադրությունների նշան է»,- ասել է Աբդուլաևան:
Լեյլա Աբդուլաևայի՝ Ալիևի խոսքերի մեկնաբանության ճշմարտացիությունը ստուգելու համար «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալիևի հարցազրույցը, մասնավորապես՝ Սյունիքի վերաբերյալ նրա պնդումները:
Ինչ է իրականում ասել Ալիևը
Իլհամ Ալիևն «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում խոսել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին անցած տարածքներում ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների կառուցման և այլ թեմաներով:
Գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին խոսելիս Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «հայկական վանդալիզմը», սակայն դրան զուգահեռ՝ իրենք անելու են ամեն ինչ իրենց շահերը ապահովելու համար:
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին։ Մենք իրականություն կդարձնենք Զանգեզուրի միջանցքը՝ ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ապա հարցը կլուծենք ավելի հեշտ, եթե չցանկանա՝ ուժով կլուծենք։ Այնպես, ինչպես պատերազմից առաջ և դրա ընթացքում էի ասում, որ նրանք պետք է իրենց բարի կամքով հեռանան մեր հողերից, հակառակ դեպքում՝ մենք իրենց ուժով կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Այնուհետև Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հարցում իրենց միակ մրցակիցը ժամանակն է, որովհետև երկաթգծի, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում, ու շեշտել է, որ ծրագրի իրականացման համար բոլորն ուժերն են մոբիլիզացրել:
«Այդպիսով, ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»,- հայտարարել էր Ալիևը։
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, փորձելով արդարացնել Ալիևին, իր խոսքում մեջբերել է նրա հարցազրույցից շատ կարճ հատված, որում ասվում է.«Եթե մենք նկատենք հնարավոր սպառնալիք, մենք կոչնչացնենք այն… որովհետև դա պաշտպանության, ազգային անվտանգության խնդիր է»:
Փաստացի, Լեյլա Աբդուլաևան մանիպուլացրել է՝ չանդրադառնալով Ալիևի՝ ուղիղ սպառնալիք պարունակող խոսքին։
Իսկ Իլհամ Ալիևն իսկապես սպառնացել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ խոսել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում միջանցքի կառուցման մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ավելին՝ Ալիևը համեմատել է իր ծրագիրը 44-օրյա պատերազմի հետ՝ որպես դրա իրականացման միջոց դիտարկելով նաև ռազմական ճանապարհը:
Լուսինե Ոսկանյան