Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Օրվա ավարտին ադրբեջանական trend.az կայքում տեղ գտավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի անդրադարձը տեղի ունեցած նիստի վերաբերյալ։ Աբդուլաևայի հայտարարությունը տարածվեց նաև հայկական մամուլում։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նշում է. «Վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը ոչ թե «ժողովուրդ» են, այլ ընդամենը հայկական համայնք»։
Իրականում, սակայն, Փաշինյանն իր ելույթի ժամանակ օգտագործել է խնդրո առարկա եզրույթը հետևյալ համատեքստով․
«․․․գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, «Ղարաբաղի հայությանը»…»
«․․․խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, «Ղարաբաղի հայության» քվեն, լիազորությունը ստացած որևէ սուբյեկտ…»
Վերոնշյալ ձևակերպումներից պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետի կողմից եզրույթն օգտագործելը չի արտահայտում իր կարծիքը։ Փաշինյանն օգտագործում է «Ղարաբաղի հայություն» գաղափարն ընդամենը երկու անգամ՝ հղում կատարելով «որոշ գործընկերներին», այսինքն՝ Ադրբեջանին։ Իսկ ելույթի մնացած հատվածներում օգտագործվում են «Արցախ» և «Արցախի հայություն» եզրույթները։
Նշենք, որ «Ղարաբաղի հայություն» եզրույթը մշտապես օգտագործվում է Ադրբեջանի կողմից։ Այսպիսով, Փաշինյանի օգտագործած «գաղափարի» շուրջ Աբդուլաևայի մեկնաբանությունը կտրված է ընդհանուր բովանդակությունից և հանդիսանում է հստակ մանիպուլյացիա։
Արփի Ավետիսյան