Երեկ՝ հունիսի 21-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, թե իբր ադրբեջանական ԶՈՒ-ն կանխել է հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձն ու գերեվարել մեկ հայ զինծառայողի:
Ադրբեջանի ՊՆ այս հաղորդագրությանը հետևեց ԼՂԲ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ դա ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց մի տեսանյութ, որով հավանաբար ցանկանում էր ցրել բոլոր կասկածներն իր տարածած հաղորդագրության իսկության վերաբերյալ:
Սակայն ստացվեց ճիշտ հակառակը:
Ադրբեջանական ՊՆ տարածած տեսանյութում Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացող մի մարդ, որը ըստ ադրբեջանական կողմի հենց գերեվարված դիվերսանտն է, կոտրատված հայերենով պատմում է այն մասին, որ ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է: Ուշագրավ է, որ այս անձը հասկանում է իր հետ խոսողի հարցերը, որոնք ձևակերպված են էլ ավելի կոտրատված հայերենով ու ադրբեջաներենով:
Այս տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարեց, որ բանակում նման զինծառայող չկա ու որ նա քաղաքացիական անձ է:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարեց, որ չի ճանաչում նման մարդու և իրենց համայնքում նման անձ չի բնակվում:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը: «Արմենպրեսի» հետ զրույցում Վանաձորի քաղաքապետը հաստատել է, որ ճանաչում են այդ մարդուն, որը խնդրահարույց է և ունեցել է տարօրինակություններ: Ըստ քաղաքապետի, նշված անձը գրանցված է եղել ծերանոցում, որպեսզի կարողանա անձնագիր ստանալ, բնակության վայր չի ունեցել, Վանաձորում զբաղվել է աղբ հավաքելով, եղել է դատված, իսկ վերջին տարիներին նրա մասին տեղեկություններ ընդհանրապես չեն եղել: Ուշագրավ է, որ այս տեղեկությունները Վանաձորի իշխանությունները ստացել էին ծերանոցի այլ բնակիչների խոսքերից, որոնք հիշել էին Զավեն Կարապետյանին:
Այդպիսով, կարելի է փաստել, որ Ադրբեջանը կիրառալ է քաղաքացիական անձին որպես դիրվեսանտ ներկայացնելու իր մարտավարությունը՝ հաշվի չառնելով, սակայն, որ իր «սցենարների» համար օգտագործելով նման մարդկանց՝ ընդամենը ծաղրի առարկա է դարձնում իր այսպես կոչված մասնագետների կոմպետենտությունը: