Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով միջազգային կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներ, որոնք լիցքավորված են մարտական էլեմենտներով։
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներին հաջողվել է Արցախի Հադրութ քաղաքում ձեռք բերել Ադրբեջանի կողմից իսրայելական LAR-160 տեսակի (M095 DPICM) համազարկային կրակի համակարգի կասետային մարտագլխիկներով հրթիռների օգտագործման ապացույցներ։
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ Հադրութի բնակիչ Ֆելիքս Շահինյանն իր տան բակում տեղադրված բազկաթոռին չպայթած կասետային հրթիռի մարտական էլեմենտ է հայտնաբերել։ Մարտագլխիկներ են հայտնաբերվել նաև տան բակում։ Բարեբախտաբար, ընտանիքից տուժողներ չեն եղել, քանի որ տանը մարդ չի եղել։
Ֆելիքս Շահինյանի հարևանի՝ 61-ամյա Ջուլիետա Մրդանյանի տան բակում ևս կասետային ռումբերի բաղադրիչներ են հայտնաբերվել։ Նա իր տան բակից շուրջ 10 մարտական էլեմենտի մնացորդ է հավաքել։
Ադրբեջանական հրթիռակոծության պատճառով մեծ վնասներ է կրել նաև Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի տունը։ LAR 160-ի հրթիռը (հրադատարկ) մխրճվել է քաղաքապետի տան ննջասենյակ` մեծ վնաս հասցնելով տանը։
Հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել նաև Հադրութի բնակիչ Էդիկ Պետրոսյանի տունը։ Ամուսինները հրետակոծությունից հետո գնացել էին դստեր տուն՝ կարծելով, թե այնտեղ ապահով կլինի, մինչդեռ հասնելուն պես տեսել էին, որ ռմբակոծվել է նաև աղջկա տունը՝ հյուրասենյակը հավասարեցնելով գետնին։
Այլ բնակիչների տներ, խանութներ ևս մեծ վնասներ են կրել։
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի՝ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան (2008), որը հայտնի է նաև որպես Դուբլինյան կոնվենցիա, արգելում է կասետային ռումբերի և հրթիռների բոլոր տեսակների օգագործումը, արտադրությունը և վաճառքը։ Չնայած որ այն չի ստորագրվել և վավերացվել ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Հայաստանի կողմից, կոնվենցիան 2010-ից ուժի մեջ է մտել և դարձել միջազգային օրենք։ ՄԱԿ-ի՝ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ կոնվենցիան մեծ քայլ է «մահացու, անմարդկային զենքի» տարածման դեմ։
Ի դեպ, Հադրութ քաղաքի մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ չկա և Ադրբեջանի զինված հարձակումները ոչ այլ ինչ են, քան անթույլատրելի ռազմական ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության դեմ:
Անի Գրիգորյան