Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Զինված ուժերի կողմից ադրբեջանական ուղղաթիռների խոցումից հետո որոշ լրատվականներ և սոցիալական ցանցերի օգտատերեր տարածում են լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր ուղղաթիռների խոցումից։
«Համացանցում է հայտնվել ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցած ադրբեջանական ուղղաթիռներից մեկի լուսանկարը»,- գրել է hayeli.am-ը։ Լուսանկարները տարածել է նաև hraparak.am-ը։
Տարածվող լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեն արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լուսանկարներն արվել են այս տարվա փետրվարին՝ Սիրիայում։ Լուսանկարում պատկերված է թուրքական օդուժի կողմից խոցված սիրիական Mi-17 ուղղաթիռը։
Հայկական Զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռների լուսանկարները պաշտոնական աղբյուրներում դեռ հրապարակված չեն։
Անի Ավետիսյան