Օրերս պարզ դարձավ, որ ավելի քան 100 փաստաբաններ «ապօրինի զննությունների և խուզարկությունների դադարեցման նպատակով» պատրաստվում են սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարել: Օգոստոսի 28-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակեց 154 փաստաբանների անուններն, ովքեր այդ պահի դրությամբ պատրաստակամություն են հայտնել միանալ գործադուլին: Ցանկի հրապարակումից հետո փաստաբանների բողոքի ակցիային անդրադարձավ նաև ադրբեջանական մամուլը՝ ապատեղեկատվություն տարածելով և հայ փաստաբանների գործադուլը ներկայացնելով որպես «հացադուլ»:
«Հայաստանում 154 փաստաբաններ, ի նշան իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի, հացադուլ են հայտարարել», — գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Մեկ այլ ադրբեջանական կայք՝ vzglyad.az-ը, կրկին հայտնելով հայ փաստաբանների «հացադուլի» մասին, ներկայացրել է նաև Երվանդ Վարոսյանի էջում հրապարակված 154 փաստաբանների ցանկը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները հայտարարում են, որ դատական կարգադրիչների կողմից իրենց խուզարկումն ապօրինի է և պահանջում են դադարեցնել դատարանի դահլիճ մտնելիս իրենց նկատմամբ անօրինական գործողությունները: