Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական տարբեր աղբյուրներ Արցախում ընթացող ռազմական գործողություններում իրենց «ռազմական հաջողությունները» տեսանելի դարձնելու նպատակով միանգամից երկու տեսանյութեր տարածեցին։
Նախ, Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջաբրայիլ (Մեխակավան) քաղաքը և մի քանի գյուղեր։ Չնայած այդ պնդումը հերքվեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից, ադրբեջանական իշխանամերձ haqqin.az կայքը հրապարակեց մի տեսանյութ, որում, իբր, երևում է «ազատագրված» Ջաբրայիլ քաղաքը։ Տեսանյութը, իբր, նկարահանել էր լրագրող Վահիդ Մուստաֆաևը:
Չնայած տեսանյութում երևում են Խոդա Աֆարինի կամուրջները, որն իսկապես Ջաբրայիլի շրջանի տարածքում է, բայց նկարահանումն արվել է Իրանի տարածքից, և այդ մասին գրված է նաև haqqin.az-ի հոդվածում։ Հետևաբար, Իրանի տարածքից արված տեսանյութը չի կարող դիտարկվել որպես ապացույց այն բանի, թե ադրբեջանական բանակը գրավել է Ջաբրայիլը:
Ըստ Google Earth ծրագրի, տեսանյութում երևացող հատվածը Ջաբրայիլ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այսինքն՝ նույնիսկ եթե տեսանյութը արված լիներ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, դա որևէ կերպ չէր կարող ցույց տալ Ջաբրայիլի գրավումը, քանի որ տեսանյութում երևում է ընդամենը լքված մի գյուղ։
Ադրբեջանական կողմի երկրորդ «ապացույցը» վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ որոշ տելեգրամյան ալիքներ և Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը, մի տեսանյութ տարածեցին, որում, իբր, երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։
Իրականում, սակայն, այս տեսանյութը արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Տեսանյութում իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։
Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ հրթիռներն արձակվել են Հայաստանի տարածքից, որի համար որևէ ապացույց չեն ներկայացրել։ Այս պնդումը նաև պաշտոնապես հերքվեց ՀՀ ՊՆ խոսնակի կողմից։
Եվ այդպես էլ չեն տարբերում հրթիռները
Աբսուրդային պնդում արեց նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե իբր Հայաստանը «Տոչկա-Ու» համակարգից է հրթիռներ արձակել Մինգեչաուրի ուղղությամբ, սակայն նրա ներկայացրած լուսանկարներում հստակ պատկերված են «Սմերչ» համազարկային կրակի համակարգի երկու հրթիռներ։ Հատկանշական է, որ «Սմերչի» հրթիռները կարող են հասնել մինչ առավելագույնը 90 կմ, իսկ Մինգեչաուրը Հայաստանի սահմանից գտնվում է առնվազն 110 կմ հեռավորության վրա։
Բայց ուշագրավ է նաև այն, որ ադրբեջանցի պետական մարմինները արդեն երկրորդ անգամ են շփոթում «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերի հրթիռները։ Նախորդ անգամ այդպիսի վրիպակ արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Այսպիսով, միայն մեկ օրվա ընթացքում տարատեսակ ադրբեջանական աղբյուրներ երկու տեսանյութ են տարածել իրենց «ռազմական հաջողությունների», ինչպես նաև հայկական կողմին վերագրվող գործողությունների վերաբերյալ։ Երկուսն էլ, իրականում, որևէ կերպ չեն հիմնավորում իրենց պնդումները։
Հովհաննես Նազարեթյան