Մարալիկում տեղի ունեցած իրադարձություններից հետո «Ադեկվադ» առցանց հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը հանդես եկան մամուլի ասուլիսով և երկու հարցազրույցով՝ «Արարատ» հեռուստաալիքով և 24news.am-ով։ Այդ հարթակներով Դանիելյանը և Մալյանը մի շարք չփաստարկված հայտարարություններով հանդես եկան։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։
Ե՛վ մամուլի ասուլիսի ժամանակ, և՛ «Արարատ» հ/ը եթերում Մալյանը հայտարարեց, որ Մարալիկի «խուլիգանախմբի» պատասխանատուն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն» է։ Դանիելյանն էլ իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածը «քաղաքական վերին օղակներում պլանավորված օպեռացիա» էր, քանզի «իշխանությունները չեն հանդուրժում այլակարծություն»։ Նրանք դա փորձում են հիմնավորել այն բանով, որ իրադարձությունների հաջորդ օրը պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այցելել էր Մարալիկ և, ըստ Մալյանի, փորձել ուղղորդել դեռևս քննության մեջ գտնվող քրեական գործը՝ «գնացել, ասել ա ձեզ ջղայնացրել են, ի՞նչ գիտի, կարող ա մե՞զ են ջղայնացրել»։
Մալյանը պնդում է, թե «բազմաթիվ ապացույցեր կան», որ Փաշինյանը և բարձրագույն իշխանությունն է պատասխանատու տեղի ունեցածի համար, սակայն որևէ այլ բան չի ներկայացնում հարցազրույցի ընթացքում։ Դանիելյանը վստահ է, որ «ապացույցները կա, որ բարձրագույն օղակներից իշխանական հրահանգել են կազմակերպել սադրանք»։ Նա ևս որևէ փաստացի ապացույց չի ներկայացնում։ Մալյանը նաև պնդում է, որ Փաշինյանի իրական հենարանը ոչ թե «դմբ-դմբ հուերն են», նկատի ունենալով ցույցերի ժամանակ կիրառվող ծափերը, այլ «էս խմբերն են, որոնք տեղերում ճնշում են […] պատժիչ ջոկատների դեր են կատարում ընդհանրապես որևէ այլակաարծության դեմ»: Այս պնդման համար ևս որևէ փաստ նա չի ներկայացնում։
Արթուր Դանիելյանը «Արարատ» հ/ը հետ հարցազրույցում հակասական հայտարարություններ է անում։ Նախ նա պնդում է, որ նա և Մալյանը չէին գնացել աջակցելու Մարալիկի քաղաքապետին՝ հավելելով, որ երկու իրար դեմ պայքարող խմբերը «իրար լրիվ արժանի են […] համարժեք խմբեր են»: Սակայն, մի քանի րոպե անց, նա ինքն իրեն հակասում է՝ քննադատելով քաղաքապետի դեմ պայքարողներին։ Դանիելյանը հայտարարում է, որ այդ խումբը նորմալ է համարում, որ համայնքապետարանը ամեն օր տարբեր տեղ է նիստ անում, որովհետև՝ «ինչ-որ մեկը որոշել ա գրավի բուն համայնքապետարանի շենքը ու թույլ չտա, որ նոտարը աշխատի, սոցապը աշխատի»։
Դանիելյանը նաև պնդում է, որ այն մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում իրենց վարկածը և կարծում, որ դա սադրանք էր իրենց կողմից` ֆեյք են։
Հիշեցնենք, որ հենց իրենք են Ֆեյսբուքում ֆեյքեր օգտագործում՝ իրենց հրապարակումների դիտումները և լայքերը ավելացնելու նպատակով։
Հովհաննես Նազարեթյան