Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հայտնելով «կարևոր լուր»։
Ըստ լրագրողի՝ պաշտոնական Երևանը լռում է Հայաստանի և Թուրքիայի միջև «գաղտնի հանդիպման»՝ «Շնիցելյան դիվանագիտության» մասին։
«Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Լյուգեք հրապարակում, Յոհան Գուտենբերգի արձանի հարևանությամբ գտնվող, մի քանի տասնամյակի պատմություն ունեցող «Ֆիգլմյուլլեր» բարձրակարգ ռեստորանում, որը համարվում է հանրահայտ՝ շնիցել ուտեստի «օրրանը», այսօր մեկնարկել է Հայաստանի կոլաբորացիոնիստ իշխանության և թուրքիայի բանակցային թիմի ներկայացուցիչների աշխատանքային ճաշը»,- գրել էր Գասպարյանը (ուղղագրությունը՝ ըստ բնագրի- խմբ․)։
«Պաշտոնական Երևանից, սովորույթի ուժով, ոչ մի արձագանք: Թուրքական մամուլը հանգիստ խոսում է այդ մասին»։
Գասպարյանի գրառումը միայն ֆեյսուքում 231 կիսում ունի, այն տարածել են նաև մի շարք կայքեր, մասնավորապես, BlogNews-ը, Panorama.am-ը, Yerevan.Today-ը, 168․am-ը և այլք։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գասպարյանի՝ Հայաստանի իշխանությունների լռելու և հանդիպման գաղտնի լինելու մասին պնդումը, մանիպուլյատիվ է։ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների նախորդ՝ հունվարի 14-ին կայացած Մոսկովյան հանդիպումից շատ չանցած՝ փետրվարի 3-ին, Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր փետրվարի 24-ին Վիեննայում սպասվելիք հանդիպման մասին։
Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ, սակայն առանց ռուսական կողմի մասնակցության։
Անի Ավետիսյան
Նանե Մանասյան