Կանադացի լրագրող Նիլ Հաուերը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ զրույցից մի քանի մանրամասներ էր հրապարակել թվիթերյան իր էջում։ Ըստ Հաուերի՝ Փարսյանը իր հետ զրույցում հաստատել է, որ Կապանի շրջանի Ագարակ գյուղի շրջակայքում նոր ձևավորվող հայ-ադրբեջանական սահմանի մոտ նախորդ օրը փոխհրաձգություն է եղել։
«Մոտ 50 ադրբեջանցի շարժվել են հայկական դիրքերի ուղղությամբ, և վերջիններս օդ են կրակել, որից հետո ադրբեջանցիներ պատասխան կրակ են բացել՝ կրկին օդ։ Վիրավորներ և զոհեր չկան»,- գրել էր Հաուերը։
Եվ քանի որ Գևորգ Փարսյանը մինչ այդ լրատվամիջոցների հետ զրույցում, այդ թվում` Fip.am-ի, հերքել էր փոխհրաձգության մասին տարածվող տեղեկությունները, Հաուերի գրառումը զանազան շահարկումների առիթ դարձավ։
Հաուերի թվիթը լայնորեն տարածեցին հայկական լրատվական կայքերը՝ tert.am, 24news.am, lragir.am, hraparak.am, yerevan.today և այլն։
Սակայն մոտ չորս ժամ անց Հաուերը լրացրել էլ իր գրառումը՝ նշելով, որ եղել է թարգմանական սխալ։ «Հայկական կողմը նախազգուշական կրակոցներ է արել օդ, երբ ադրբեջանցի զինվորները մոտեցել են, սակայն ադրբեջանցիները պատասխան կրակ չեն բացել։ Միևնույն ժամանակ, նրանք հայ զինվորներին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջով, որ լքեն դիրքերը, բայց այդ ուղղությամբ գործողություն չեն ձեռնարկել»,- հավելել էր Հաուերը։
CORRECTION: partial translation error, no Azeri gunfire. Armenian side fired warning shots into the air as Azeri soldiers approached, but Azeris did not return fire. They did however issue an ultimatum for Arm troops to leave positions, but have not acted on it.
— Neil Hauer (@NeilPHauer) December 14, 2020
Փաստորեն, Հաուերը ինքը, լրացնելով, հստակեցրել էր, որ չի եղել փոխհրաձգություն, այլ միայն հայկական կողմն է օդ կրակել։
Իրավիճակը պարզելու համար Fip.am-ը նորից կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Վերջինս կրկին պնդեց, որ փոխհրաձգություն չի եղել։ «Մերոնք են օդ կրակել, իրանց կողմից որևէ կրակ չի եղել, դա դարձա՞վ փոխհրաձգություն»,- ասաց Փարսյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանը դեռ դեկտեմբերի 13-ին հերքել էր լրատվամիջոցներով տարածվող այն տեղեկությունը, որ Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Հովհաննես Նազարեթյան