Հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք ճոխ գնումներ է կատարել։ Վճարելով 764,000 դրամ՝ ծառայությունը 4 հուշանվեր բաժակ է գնել «Ես սիլվեր» ընկերությունից։ Ընկերության խանութ-սրահում մեկ բաժակի գինը տատանվում է 180-ից 230 հազար դրամի սահմաններում։
Մեկ օր անց՝ հունիսի 23-ին, ԱԱԾ-ն «ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերում» անվանակարգով գնել է հուշանվեր-տակառ, որի համար պետական բյուջեից փոխանցվել է 499,800 դրամ։
Մենք փորձեցինք պարզել, թե ու՞մ համար է նախատեսված վերոնշյալ «սպասքը»։ Հարցմանը ի պատասխան ստացված գրությամբ, սակայն, տեղեկացանք, որ նշված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն (ունեն համապատասխան գաղտնիության դրոշմագիր)։
Թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն գաղտնի պահում գնված նվերների հասցեատիրոջը կարելի է միայն ենթադրել։ Այդ օրերին Հայաստանում էր Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պատվիրակությունը։ Վերջիններիս բնակությունը հոգալու համար ԱԱԾ-ն «Օնիրա քլաբ» հյուրանոցին (խմբ․ Փարավոն ժամանցի կենտրոնին) փոխանցել է 622,000 դրամ: Պատվիրակությունը կազմված էր 5 հոգուց, գնված «սպասքը» ևս 5՝ 4 բաժակ և մեկ տակառ։
Այսպիսով, վրացի գործընկերների հետ ԱԱԾ ներկայացուցիչների հանդիպումը հարկատուների համար արժեցել է մոտ 1,88 միլիոն դրամ։
Ավելի վաղ՝ հունիսի 6-8-ը, Հայաստանում էին ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարները։ Երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը բնակվել է «Անի պլազա» հյուրանոցում։ ԱԱԾ-ը դրա դիմաց վճարել է 1,787,600 դրամ, իսկ «Ուռենի» ռեստորանային համալիրում անցակցված ճաշկերույթի համար՝ 858,000 դրամ։ Ընդ որում, դատելով հյուրանոցում ամրագրված սենյակների քանակից՝ պատվիրակությունը բաղկացած է եղել 14 հոգուց, սակայն ռեստորանի ճաշկերույթը կազմակերպվել է 69 հոգու համար։
Այսպիսով, ԱՊՀ սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների Հայաստան եռօրյա այցի համար հարկատուները վճարել են մոտ 2,6 միլիոն դրամ։
Ստացվում է, որ միայն այս տարվա հունիս ամսին ԱԱԾ-ն, միայն այս երկու ներկայացուցչական ծառայությունների համար, «գաղտնի» ծախսել է մոտ 4,5 միլիոն դրամ։
*Բոլոր տեղեկությունները հրապարակված են armeps.am կայքում։